Հովիկ Աբրահամյանն այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն
SocietyՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 20-ին այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,
կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, ներդրումային ծրագրերին, եղել արտադրամասին կից լաբորատորիայում: Վարչապետին տեղեկացրել են, որ 2013 թվականին վերաբացված ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրության և արտահանման ծավալները, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ էլ ավելի բարձրացնել արտադրանքի որակը: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ապահովում է մոտ 250 աշխատատեղ: Արտադրանքի շուրջ 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, ԱՊՀ և եվրոպական երկրներ:
Վարչապետ Աբրահամյանն ընկերությունում մասնակցել է նաև օղու արտադրությամբ զբաղվող «ԱՐՍՍԻ Ալյանս» նոր ձեռնարկության բացմանը: Կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ ներդրվել է 1 մլն ԱՄՆ դոլար, որի արդյունքում ստեղծվել են աշխատատեղեր: Ընդհանուր ներդրումերի արդյունքում մեկ տարվա ընթացքում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել 70-ի: Տարեկան կտրվածքով նախատեսվում է արտադրել 3-5 մլն շիշ օղի, որի մեծ մասն արտահանվելու է ԱՄՆ, եվրոպական և ասիական մի շարք երկրներ: