Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորությունները ներկայացվել են Իտալիայում կայացած գործարար համաժողովին
EconomicsԻտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի մայրաքաղաք Ուդինեում կայացել է Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունների լույսի ներքո:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախա րարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գործարար համաժողովին մասնակցեցին Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի Ֆրիուլի շրջանի առևտրաարդյունաբերական ոլորտի 30-ից ավելի ձեռնարկությունների ներկայացուցիչներ և գործարարներ:
Ողջույնի խոսքով ներկաներին դիմել են Ուդինեի Արդյունաբերողների միության նախագահ Մատեո Տոնոն, առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ջիովանի Դա Պոձձոն, Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը:
Դեսպանության աշխատակից Սոնիա Կիարոտտոն ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրն ու ներդրումային դաշտը, մակրոտնտեսական ցուցանիշները, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընձեռած հնարավորությունները և ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունները:
«Արտադրված է Հայաստանում» զեկույցով հանդես է եկել Վենետիկի «Apindustria» միության փոխնախագահ Գագիկ Սարուխանյանը:
Հայաստանում ներդրումային իրենց դրական փորձի մասին ելույթ են ունեցել «Renco SpA» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարինին և «Whirpool EMEA» ընկերության ներկայացուցիչ Գաետանո Կազալայնան:
Համաժողովին հետևել են դեսպան Սարգիս Ղազարյանի, Գագիկ Սարուխանյանի և Սոնիա Կիարոտտոյի B2B հանդիպումները ձեռնարկությունների ղեկավարների հետ:
Դեսպան Ղազարյանը հանդիպել է նաև Ուդինեի շրջանի Պովոլետտոյի քաղաքապետ Անդրեա Ռոմիտոյին, ում հետ քննարկել է տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հնարավորությունները: Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին Պովոլետտոյի կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման համար: