Գեղարքունիքում կարտոֆիլի իրացման խնդիր չկա
SocietyԳեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում կարտոֆիլի բերքահավաքը դիտարկելու ընթացքում, պատասխանելով«Արմենպրես»-ի հարցին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ կարտոֆիլի, ինչպես նաեւ այլ գյուղմթերքների իրացման խնդիր գոյություն չունի: «Խնդիրը ոչ թե իրացման, այլ գյուղացու համար համեմատաբար ցածր գների մեջ է: Բնական է, որ ամեն մի արտադրող կուզենար արտադրանքը վաճառել ինքնարժեքից ավելի բարձր, շահեկան գներով: Առհասարակ, այս տարվա ընթացքում միջազգային բորսաներում արձանագրվել է պարենային ապրանքների մինչեւ 30 տոկոսի գնանկում, ինչն անդրադարձել է նաեւ մեր տնտեսության վրա: Այս պահի դրությամբ կարտոֆիլը տեղում վաճառվում է 110-130 դրամով: Կարտոֆիլի բերքն առատ է, առանձին ֆերմերային տնտեսություններ մեկ հեկտարից ապահովել են մինչեւ 50-60 տոննա բերքատվություն»,-նշեց նախարար Սերգո Կարապետյանը:
Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանն ասաց, որ կարտոֆիլի իրացման համար եւս տեղական իշխանությունները պետք է ձեւեր ու միջոցներ գտնեն: «Բարձր բերքատվություն ապահովող կարտոֆիլի ցանքերից շատ տնտեսություններ ձեռք են բերում սերմացու` կիլոգրամը 200 դրամով: Չենք բացառում նաեւ, որ բերքը պահպանելու դեպքում առաջիկա ամիսներին կկարողանանք ավելի բարձր գներով վաճառել»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան