ԱՄՆ-ի ամենապահանջված հրուշակագործը հայուհի է (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Լաս Վեգասի ամենաշքեղ «Վին» կազինոյի գլխավոր հրուշակագործ-դիզայներ Ֆլորա Աղաբաբյանը տարբեր միջազգային տորթերի փառատոնի հաղթող է։
Նրա պատրաստած հրուշակագործության գլուխգործոցները ցուցադրվում են տարբեր երկրների թանգարաններում։

Նրա տորթերի պատվիրատուներն են հանդիսանում միլիադրատերեր Դոնալդ Տրամպը, Սթիվ Վինսը, դերասաններ Մել Գիբսոնը, Ջենիֆեր Լոպեսը, Ուիլ Սմիթը, երգչուհիներ Սելին Դիոնը, Բեյոնսեն, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, թենիսիստ Անդրե Աղասին, բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի եւ այլն։
Նախագահի թեկնածու Միտ Ռոմնիի համար նրա պատրաստած տորթը սկանդալի պատճառ դարձավ։
Ռոմնիին քննադատեցին Սպիատկ տան տեսքով տորթ պատվիրելուհամար, քանի որ Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես նրան չէր առաջադրել։
Ֆլորան մանկուց պարով է զբաղվել, երկու անգամ ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական իսնտիտուտ, սակայն ուսումը չի շարունակել։
Միացյալ նահանգներ է տեղափոխվել 33 տարեկանում։
Տորթ թխելով գումարներ է վաստակել նախ Ռուսաստանում, հետո տեղափոխվել ԱՄՆ։
«Երբ ԱՄՆ եկա, բացարձակ անգլերեն չէի խոսում, աշխատանքս շատ պատահական գտա, հայկական տեղ էր, մոտեցա խմորեղենի բաժին ու հարցրի, թե իրենց աշխատող պե՞տք է, նրանք շատ հավանեցին իմ աշխատանքներն ու ընդունեցին»,- պատմում է Ֆլորան։


Հետագայում նա որոշել է աշխատել Լաս Վեգասում։
Մեկ տարի որպես հրուշակագործ միաժամանակ երեք կազինոյում է աշխատել։
«Շաբաթական աշխատում էի 96 ժամ, արթնանում էի առավոտյան ժամը 2.30-ին, 4-ից աշխատանքի անցնում, հետո հաջորդ աշխատանքս սկսում էր ժամը ցերեկը 1-ից, ավարտում էի երեկոյան 9-ին, անցնում երրորդ գործին։ Այդպես մեկ տարի, ինձ ասում էին, թե չեմ դիմանա, բայց դիմացա»,- պատմում է նա։
Տասը տարոից ավել է, Ֆլորան աշխատում է տորթերի ձեւավորման վրա։
«Կարեւորը տորթ պատրաստելը չէ, շատ կարեւոր է այն հիմքից ամուր պահելը, որ կարողանան այն տեղափոխել։ Եղել են դեպքեր, երբ իմ պատրաստած տորթերը ինքնաթիռով մի քանի ժամ այլ երկրներ են տեղափոխել»,- ասում է հայ հրուշակագործը։
Իր պատվերների մեջ Ֆլորան ամենախենթերի թվին է դասում բաժանության տորթը, որում կինը դանակով հարվածում է ամուսնուն եւ նա արնաքամ է լինում։
Ֆլորա Աղաբաբյանը Օկլահոմայի Թուլսա քաղաքում կայացած հարսանեկան տորթերի աշխարհի մրցույթում շահել է գլխավոր մրցանակը:
Նրա պատրաստած տորթերը վաճառվում են 20 հազար դոլարի սահմաններում։
Wnews.am-ը ներկայացնում է Ֆլորա Աղաբաբյանի գլուխգործոցներից մի քանիսը.









