Անհայտ կորածների հարազատների խնդիրները Հայաստանում մշտական ուշադրության կենտրոնում են
SocietyՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամները հոկտեմբերի 21-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ այցելել են Վայոց ձորի մարզ և հանդիպել անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության մարզերում ավանդույթ դարձած նմանօրինակ հանդիպումների կազմակերպման գլխավոր նպատակն է մշտական ուշադրության կենտրոնում պահել Արցախյան ազատամարտում անհայտ կորածների հարազատների սոցիալ-կենցաղային, բարոյահոգեբանական, իրավական և առողջական խնդիրները։
Հերթական այցելության ընթացքում անհայտ կորածների ընտանիքների անդամները ստացել են համապատասխան խորհրդատվություն, ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցություն: ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվել է նաև նրանց բժշկական զննությունը: Զինվորական բժիշկների կողմից անհայտ կորածների հարազատներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, տրվել են մասնագիտական խորհրդատվություններ և ուղղորդումներ հետագա բուժման կազմակերպման համար:
Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները հանդիպում են ունեցել նաև Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ: Մարզպետին են ներկայացվել տվյալ օրվա, ինչպես նաև ընդհանուր առմամբ հանձնաժողովի կողմից վերջին շրջանում իրականացվող աշխատանքները: Ընդգծվել է, որ լայն թափով շարունակվում են անհայտ կորած անձանց որոնման, նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: Մարզպետ Հարություն Սարգսյանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել իրականացվող աշխատանքնեին: