«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի դափնեկիրները գրավում են միջազգային բեմերը
CultureՇարունակվում է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի համերգային շրջագայության փուլը: Մինչև այսօր մրցույթ-փառատոնի դափնեկիրները համերգային ծրագրով հանդես են եկել Մոսկվայում և Տվերում, իսկ հոկտեմբերի 10-18-ը «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շուրջ 60-հոգիանոց պատվիրակությունը՝ փառատոնի համանախագահ Կարինե Ավդալյանի գլխավորությամբ, մեկ շաբաթով մեկնել էր Ավստրիա, որտեղ համերգային մեծ ծրագրով հանդես եկավ Վիեննայի Ռիխարդ Վագների անվան կոնսերվատորիայում և մի շարք քաղաքներում: Մեկնող երաժիշտ-կատարողների համար այնտեղ կազմակերպվել են նաև վարպետության դասընթացներ:
Այն, որ սա աննախադեպ հնարավորություն էր սկսնակ երաժիշտների համար՝ «Արմենպրես»-ին հավաստեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր, ալտահար Եղիա Անսուրյանը: «Ոչ բոլորին է բախտ վիճակում գնալ Վիեննա, լինել Զալցբուրգում, համերգ ունենալ Վիեննայում: Դա մեծ պատասխանատվություն է, իսկ աշխարհահառչակ երաժիշտների կողմից կազմակերպված վարպետության դասերին մասնակցելը` շահեկան»,-նշեց երիտասարդ ալտահարը՝ հավելելով, որ ինքը Վիեննայիում ներկայացրել էր Կո միտասի «Կռունկը»: «Հատկապես կարևոր էր այս տարին՝ մենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ելույթ ունեցանք հատուկ համերգային ծրագրով: Իմ կատարումը Կոմիտասի «Կռունկն» էր, մի ստեղծագործություն, որը միշտ հուզմունքով եմ կատարում, բայց , գիտակցելով այն փաստը, որ Ավստրիան այս տարի էր ճանաչել Ցեղասպանությունը՝ էլ առավել էր հուզիչ»,-նշեց Եղիա Անսուրյանը: Կարևորելով «Վերածնունդ» փառատոնը՝ երիտասարդ երաժիշտը փաստեց, որ Գյումրիում անցկացվող այս միջազգային մրցույթը նշաձող է ցանկացած երաժիշտ-կատարողի համար: &l aquo;Բավական դժվար է դառնալ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր, սա մի փուլ է, որը միայն ու միայն օգուտ է ու մեծ փորձ է երիտասարդների համար»,-հավելեց Եղիա Ասուրյանը՝ շնորհակալություն հայտնելով «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչներին ու նախաձեռնողներին՝ այդ եզակի հնարավորության համար:
Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի ու Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կազմակերպմամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները մինչև տարեվերջ համերգներով հանդես կգան նաև Իտալիայում և ԱՄՆ-ում:
2015թ. ապրիլի 10-23-ը Գյումրի քաղաքում կայացավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը ՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին եւ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին: Փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (նախագահ` Գաբրիել Ջամբարջի« հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լեւոն Սարգսյան)« Երեւանի Պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մրցույթները 14 երաժշտական անվակարգերում եւ 5 տարիքային խմբերում անցկացվեցին 2015թ. ապրիլին: VII մրցույթ-փառատոնին մասնակցեցին 36 երկրից շուրջ 3000 երաժիշտ-կատարողներ: Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների) կազմում ընդգրկված էին արվեստի 85 ճանաչված գործիչներ աշխարհի 20 երկրից: Իրենց անվանակարգերում 11 բացարձակ հաղթողների շնորհվեց Մեծ մրցանակ: 566 մասնակիցներ արժանացան I«II«III կարգի դիպլոմների: 333 մասնակիցների շնորհվեցին տարբեր խրախուսական մրցանակներ եւ դիպլոմներ:
Արմենուհի Մխոյան