Հայկ Դեմոյանը Պրահայում խոսել է Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին
SocietyՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դասախոսությամբ է հանդես եկել Պրահայի Կարլի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով եվրոպական «Օրեր» պարբերականը, դասախոսության թեման էր «Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների ցեղասպանության պատմությունը և հիշողությունը»: Դասախոսությունն անցկացվում էր «Ցեղասպանագիտություն և զանգվածային բռնություններ» ուսումնական դասընթացի շրջանակներում, որի կազմակերպիչն է ֆակուլտետի դասախոս Շիմոն Կրբեցը:
Հայկ Դեմոյանը անգլերեն ներկայացրել է հայերի տեղահանության ու ցեղասպանության պատմությունը, երիտթուրքերի իրականացրած ոճրագործություններին, հետագա տարիներին Թուրքիայի պետության կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությանը։ Նաև վերջում նա անդրադարձ է կատարել Չեխիայի հետ կապ ունեցող մի քանի անհատների՝ Պրահայում ծնված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ունեցած հսկայական ազդեցությանը՝ ոչ միայն հայկական հարցի տարածման, այլև հրեական Հոլոքոստի տարիներին համակենտրոնացման ճամբարներում գոյատևող մարդկանց համար։ Հա ջորդը՝ «Արևելքի սարսափները» գրքի հեղինակ Կարել Հանսան է,որ ականատեսի վկայություններ է տպագրել իր գրքում և կոչ արել եվրոպական երկրներին օգնել բզկտված հայ ժողովրդին։ Իսկ վերջում Ցեղասպանության թանգարան-ինստտուտի տնօրենը ներկայացրել է նաև իր ղեկավարած հաստատության և չեխական Լիդիցեի հուշահամալիրի միջև իրականցվող համագործակցության մասին։ Հիշեցնենք, որ հայկական կողմի աջակցությամբ այս տարի հունիսին Լիդիցեի հուշահամալիրում բացվել էր Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ մանուկներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:
Հանդիպմանը խոսվել է նաև ասորիների և հույների ցեղասպանության մասին, երիտթուրքերի և ֆաշիստների գաղափարախոսությունների համեմատության, Թուրքիայում ապրող ծպտյալ հայության մասին: