Կալանք է դրվել Գյումրի համայնքի գույքի վրա
SocietyՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի կայացրած հոկտեմբերի 16 և 19-ի որոշումներով կալանք է դրվել Գյումրի համայնքի գույքի վրա: Կալանք դնելու հիմք հանդիսացել է դատարանի վճիռը, որով որոշվել է համայնքից հօգուտ քաղաքացի Տարոն Գասպարյանի բռնագանձել 745 հազար դրամ գումար, որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Այս մասին հոկտեմբերի 22-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը:
Ներկայացնելով գործի նախապատմությունը՝ փոխքաղաքապետը տեղեկացերց, որ դեռևս 2009-2011թթ.՝ նախկին քաղաքապետի օրոք, 99 տարի ժամանակով քաղաքացի Տարոն Գասպարյանի հետ Գյումրու քաղաքապետարանը Վարդանանց հրապարակում, քաղաքի փողոցներում կառուցապատման նպատակով կնքել է 15 պայմանագիր: Նշված պայմանագրերով` հրապարակի, փողոցների բանուկ հատվածներում տարածքներ են տրամադրվել քաղաքացուն՝ ավտոկայանատեղիներ կազմակերպելու համար:
«Նշված պայմանագրերը վաղաժամ լուծարելու վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանը քաղաքացիական հայցով դիմել էր Շիրակ մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ հաշվի առնելով այն, որ ավտոկայանատեղիներից համայնքի բյուջե գումար գանձվելու փոխարեն, անհատ անձնն է տնօրինում ավտոմեքենաներից հավաքագրված գումարները՝ բյուջե մուտքագրելով միայն հողամասերի տարեկան չնչին վարձավճարները:
Քաղաքապետարանի հայցը Շիրակի մարզի դատարանի կողմից բավարարվեց, սակայն, Տարոն Գասպարյանն այդ վճիռը բողոքարկեց վերաքննիչ դատարանում, որը ևս օրինական ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Քաղաքացին այս անգամ էլ դիմում է վճռաբեկ դատարան և երկարատև քննության արդյունքում, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների վճիռները բեկանվեցին և գործը ուղղարկվեց նոր քննության: Եվ հենց այդ գործով էլ դատարանը վճռեց հօգուտ Տարոն Գասպարյանի գանձել 745 հազար դրամ:
Մենք նոր հայց ենք ներկայացրել դատարան՝ այդ պայմանագրերը լուծարելու համար՝ գտնելով, որ դա շինծու գործարք է եղել: Այս գործի քննությունն ընթացքի մեջ է, և հուսով եմ, որ այս անգամ Գյումրու քաղաքապետարանի հայցը վերջապես կբավարարվի, քանի որ զավեշտ է կառուցապատման նպատակով ՝ 99 տարի ժամկետով քաղաքացուն հանձնել փողոցը: Նման կերպով քողարկվել է ավտոկայանատեղեր ստեղծելու գործարքը»,- նշեց Վաղարշակ Մխիթարյանը:
Նա հավելեց, որ հօգուտ Տարոն Գասպարյանի բռնագանձվելիք 745 հազար դրամ գումարը քաղաքապետարնը կվճարի, բայց գույքի վրա կալանք դնելն ամենազավեշտալին է:
«Որոշումն արդեն օրինական ուժի մեջ է, այդ որոշման պատճառով խաթարվել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքները, չենք կարող իրականացնել քաղաքաշինական աշխատանքներ:
«Քաղաքապետարանը չի հրաժարվում վճարել այդ գումարը, սակայն, գտնում եմ, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 745 հազար դրամի համար քաղաքապետարանի հանդեպ նման ծայրագույն քայլին դիմելը սխալ է, քանի որ խնդիրը հնարավոր էր հարթել այլ կերպ, օրինակ, գումարի մաս-մաս վճարման ժամանակացույց կազմել, մինչդեռ, վերջին 5-7 տարիների ընթացքում ԴԱՀԿ ծառայությունում հօգուտ քաղաքապետարանի շուրջ 27 մլն դրամի գումարի գանձվելիք՝ ավելի քան 100 գործ կա, բայց այս կամ այն պատճառաբանությամբ գումարներ չեն գանձվում և համայանքային բյուջեն չի համալրվում»,- ավելացրեց Գյումրու փոխքաղաքապետը: