Արտենի համայնքի դպրոցը նոր մարզադահլիճ ունի
SocietyԱրագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի շուրջ 300 աշակերտներ տոնել են վերանորոգված և վերազինված մարզադահլիճի բացումը:
Ինչպես տեղեկացրին «Հայաստանի մանուկներ»(COAF) հիմնադրամից, մարզադահլիճի նորոգումն իրականացվել է հիմնադրամի երկարամյա բարերարներ Արա և Սոնյա Հասեթների ֆինանսական աջակցության, ինչպես նաև Գերմանիայում գործող Nairi e.V.-für die Kinder Armeniens (Հայաստանի երեխաների համար) հասարակական կազմակերպության ներդրումների շնորհիվ և COAF-ի ջանքերով:
Նորաբաց դահլիճում Արտենիի դպրոցականների մասնակցությամբ անցկացվեց ներդպրոցական սպորտլանդիա, որն արդյունք էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի ու ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության հետ սերտ համագործակցության:
Դեռ 2013 թ. հոկտեմբերին «Գերմանիայի ամենաուժեղ մարդը» ճանաչված ծանրամարտիկ, կուլտուրիստ և ծանրամարտի ռեկորդակիր Պատրիկ Բաբումյանն այցելել էր Արտենիի դպրոց: Արդյունքում, միավորելով իր ուժերը Nairi e.V.-für die Kinder Armeniens ընկերության հետ, մասնակցել է մարզադահլիճի վերանորոգմանն անհրաժեշտ դրամահավաքին՝ ապահովելու հատակի նորոգումն ու ջեռուցումը:
«COAF-ն իր ծրագրերի իրականացումն Արտենիում սկսել է դեռ 2008 թվականից: Կրթական, առողջապահական, տնտեսական և ենթակառուցվածքների զարգացման նախագծերն արդեն իրենց շոշափելի արդյունքներ են տալիս: Ուրախությամբ ենք արձանագրում, որ դրանք հատկապես լուրջ ազդեցություն ունեն երեխաների ապագայի պատկերացումների և երազանքների վրա»,- ընդգծել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:
COAF-ի կրթական ծրագրերի շրջանակներում Արտենիի դպրոցում հիմնադրվել և գործում է ստեղծագործարան՝ հագեցած տեխնոլոգիայի և գիտելիքի վերջին խոսքով: Դպրոցում իրականացվող կրթական ծրագրերն ուղղված են ուսուցիչների մասնագիտական աճին և աշակերտների հմտությունների և կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ մասնագիտական կողմնորոշման ծրագիր, արտադասարանային խմբակներ, ամառային դպրոցներ, անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագիր:
Առողջապահական ծրագրի համատեքստում հիմնադրամն Արտենիի դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ վարքագծի խրախուսման նպատակով իրականացրել է զանազան ծրագրեր, ներառյալ` առողջապահական կրթության դասընթացներ, առողջ ապրելակերպի խմբակ, առողջությունը խրախուսող համադպրոցական միջոցառումներ: Կարևորելով վաղ հասակում ատամների հիգիենան՝ դպրոցում հիմնվել է ատամնակայան, ուր տարրական դասարանների երեխաները լվանում են իրենց ատամները: Առողջության ակտիվ խրախուսման շնորհիվ դպրոցը դարձել է «Առողջ դպրոցների եվրոպական ցանց»-ի անդամ: Հիմնադրամն աջակցում է նաև Արտենիի առողջության կենտրոնին՝ նպաստելով բուժաշխատողների մասնագիտական աճին:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի և ԱրագածոտնÕ « մարզերի 22 գյուղական համայնքների բնակիչները: 2014թ. ի վեր հիմնադրամը զարգացման ծրագրեր է իրականացնում նաև ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքներում: