Զվարթնոց տաճարը հոկտեմբերի 24-ի երեկոյան կլուսավորվի կապույտ լույսով
SocietyՄԱԿ-ի օրը` հոկտեմբերի 24-ին, անդամ պետությունները կմիանան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակին նվիրված «Միացյալ ազգերի աշխարհը դարձնենք կապույտ» եզակի տոնակատարությանը: Աշխարհի ամենատեսարժան հուշարձանները, շինությունները, կամուրջներն ու այլ հիշարժան կառույցներ կլուսավորվեն կապույտ լույսով: Այն հնարավորություն կտա ընդգծելու ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև հարաբերությունը, ինչը նաև խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդ ունի:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70 ամյակի առթիվ անցկացվող եզակի նախաձեռնությանը կմիանա նաև Հայաստանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից, հոկտեմբերի 24-ին` ժամը 19:00-ից մինչև 21:00-ն, կապույտ լույսով կլուսավորվի Զվարթնոց տաճարը:
2000 թվականից Էջմիածնի Մայր տաճարի, Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։