Պրոբացիոն ծառայությունը նպաստելու է իրավապահների ծանրաբեռնվածության նվազմանը
SocietyՊրոբացիան դա ինքնին ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որն անձի կյանքի հանգամանքների մասին համապատասխան զեկույցների պատրաստման միջոցով աջակցում է դատական մարմիններին` մեղադրանքի վերաբերյալ որոշում կայացնելու և տվյալ անձի նկատմամբ համարժեք պատիժներ կամ միջոցներ կիրառելու հարցերում:
«Պրոբացիայի ծառայությունը կարելի է բնութագրել իբրև վերականգնողական և պատժողական արդարադատության միջակայքում գտնվող բանտային բարեփոխումների ինստիտուտ, որով խրախուսվում է հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցումը. այն լավագույնս իրագործվում է համատեղ իրականացվող գործընթացների միջոցով (տուժողի և հանցագործի մասնակցությամբ):
Այդ գործընթացի ընթացքում պրոբացիոն ծառայության վերահսկողությունը պետք է չդիտարկվի սոսկ որպես հսկողական, այլ նաև որպես հանցագործություն կատարած անձանց խորհուրդ տալու, աջակցելու գործառույ թ»,- Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը» ծրագրի շրջանակում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի կողմից կազմակերպված «Պրոբացիոն ծառայության առանձնահատկությունները և ներդրման հնարավորությունները Հայաստանում» թեմայով դասընթացին հայտնեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը:
«Պրոբացիա» բառը թարգմանաբար նշանակում է փորձաշրջան: Պրոբացիան վերաբերում է օրենքով սահմանված հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների ու միջոցների կատարմանը հասարակությունում: Այն ներառում է մի շարք գործողություններ և միջամտություններ, որոնց թվում է վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունը` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավմանը, ինչպես նաև հանրային անվտանգությանը նպաստելուն:
Նա նկատեց, որ պրոբացիայի ծառայության ներդրումն ապահովվում է առավել ճկուն հակազդեցություն հանցագործությանը` հավասար պայմաններ ստեղծելով երկու կողմերի (տուժող և հանցագործ) արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև կողմերի միջև փոխըմբռման ձևավորման համար:
«Պրոբացիայի ծառայության ներդրման պարագայում մեծանում է հասարակության ներգրավվածությունը որպես հանցագործությունների ու հակասոցիալական վարքի դեմ պայքարի կարևոր գործոն: Բացի այդ` պրոբացիոն ծառայությունը նպաստելու է ՔԿՀ-երի, դատարանների ու դատախազության ծանրաբեռնվածության նվազմանը»,-շեշտեց Գասպարյանը:
Պրոբացիոն ծառայությունը ստեղծողները կրոնական կազմակերպություններն են` հիմնականում բողոքական եկեղեցու գլխավորոթյամբ: 1970 թվականներից պրոբացիայի ծառայությունը առանձնացավ բանտային համակարգից և քրեակատարողական ծառայություններից` տեղափոխելով իր գործունեության հիմնական առանցքը հասարակություն:
Փորձագետի դիտարկմամբ` պրոբացիոն ծառայության գլխավոր առանցքը հավատն է, որ հանցագործություն կատարած անձը կարող է փոխվել, հակառակ պարագայում ծառայության գործունեությունը ուղղակի անիմաստ է:
«Այս ծառայությունը իր գործառույթներում ներառում է նաև չվարձատրվող, հանրության համար օգտակար աշխատանքների կազմակերպումը և վերահսկումը որպես հանցագործության կատարած անձի կողմից պատճառված վնասի իրական կամ խորհրդանշական հատուցում, պրոբացիայի ծառայության բոլոր փուլերում հնարավոր է իրականացնել հանցագործություն կատարած անձանց ընտանիքի հետ աշխատանքը, ինչը շատ կարևոր է»,-ընդգծեց Արշակ Գասպարյանը: