Գլխավոր պողոտայի այգում կտեղադրվի հետիոտն-շատրվան
SocietyՄաշտոցի պողոտա Սարյան փողոցի միջնամասում գտնվող այգու վերաբացումից հետո շատրվանների գոտում կհայտնվի հետիոտն-շատրվան: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախագծի հեղինակ և «Երևաննախագծի» տնօրեն Սիրեկան Օհանյանը: «Շատրվան-հետիոտնը կամ չոր շատրվանը մի տարածություն է, որտեղ երևում են շատրվանի քթիկները: Քայլելիս ո չինչ չի երևում և հանկարծակի գետնի տակից սկսում են շատրվանել ջրի շիթերը», - ասաց Սիրեկան Օհանյանը:
«Երևաննախագծի» տնօրենը հավելեց, որ ներկայում այգում բետոնապատվում են ծառուղիները և հենապատերը: Այգու վերաբացման ժամկետները նախանշված էին 2015թ. աշնանը, սակայն շատրվանների նախագծի փոփոխության պատճառով այն կհետաձգվի:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց այգու շինարարական աշխատանքների պատասխանատուներից մեկը՝ «Տաշիր գրուպ»-ի ներկայացուցիչ Գոռ Բարոյանը, շատրվանների մեխանիզմները Հայաստանում չեն արտադրվում և ներկրվելու են արտասահմանից, ինչի պատճառով վերջինս դժվարացավ մատնանշել այգու վերաբացման մոտավոր ժամանակահատվածը:
Այգու բացումը տեղի էր ունեցել 1977 թ., որի բետոնե շատրվանների հեղինակը ճարտարապետ Արմեն Զարյանն էր՝ գրող Կոստան Զարյանի որդին: «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրենի հավաստմամբ՝ շատրվանները հնարավոր կլիներ պահպանել, եթե դրանք ժամանակին սպասարկվեին: