«Ջազի սրբազան հրեշը» Շառլ Ազնավուրին մեծ պրոֆեսիոնալ է համարում
CultureՖրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոն լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ է համարում: «Ջազի սրբազան հրեշ» Գալիանոն կրկին Հայաստանում է`համերգներով հանդես գալու հայ երաժշտասերների առջև: Հոկտեմբերի 24-ին ճանաչված ակորդեոնահարը ելույթ ունեցավ «Մեցցո» ակումբում և համերգից հետո պատասխանեց «Արմենպրես»-ի հարցերին:
Գալիանոն առաջին անգամ չէ Հայաստանում
Ես ինձ մի քիչ ճնշված եմ զգում, որովհետև միշտ չեմ կարողանում երկար ժամանակ մնալ այստեղ: Շատ կարճ ժամանակով եմ գալիս, փորձ անցկացնում ու համերգ ունենում: Առաջին անգամ եկել էի այստեղ իմ կնոջ հետ, մի քիչ երկար էինք մնացել, կարողացանք այցելել որոշ վայրեր: Հաջորդ անգամ արդեն Վահան Մարտիրոսյանի հետ (Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր-խմբ.) մենք հույս ունենք նախագիծ անել և ներկայացնել հայկական երաժշտությունը, այդ թվում` Ազնավուրի գործերը: Հավանաբար այս նախագիծը մեկ կամ 1,5 տարի հետո կլինի:
Համագործակցություն Շառլ Ազնավուրի հետ
30 տարի առաջ ձայնագրվել եմ Ազնավուրի հետ: Վերջերս ձեռքս ընկավ մի ձայնասկավառակ, որ 1983 թվականին էինք ստեղծել: Բայց մենք միշտ հանդիպել ենք մասնագիտական նպատակով: Նա իրոք մեծ պրոֆեսիոնալ է: Ես կարծում եմ, որ պետք է պատվել նրան, և հաջորդ տարի Ազնավուրի երաժշտությունը ներկայացնել:
Գալիանոն`«Ջազի սրբազան հրեշ» մականվան մասին
Ովքեր ինձ սիրում են`այդպես են անվանում, բայց միգուցե կան մարդիկ, ովքեր չեն հավանում, և հաստատ նրանք էլ ուրիշ անունով են կոչում ինձ:
Աստոր Պիացոլան ինձ շատ է օգնել
Ես Պիացոլայի աշակերտը չեմ եղել: Նա ինձ օգնել է, որ ես կարողանամ իրականացնել իմ նպատակները, որ իմ սեփական երաժշտությունը կարողանամ ստեղծել: Հետագայում ես Պիացոլայի հիշատակին նվիրեցի իմ գործերից:
Հայրս ակորդեոն էր նվագում..
Ես չեմ ընտրել ինձ համար երաժշտական գործիք: Տեսել եմ, թե ինչպես է հայրս ակորդեոն նվագում, երբ երեխա էի: Ես ուզում էի անել նույնը, ինչ որ նա էր անում:
..Շատ հրաշալի ակորդեոնահարներ կան այստեղ, աշխարհում: Միակ դժվարությունն այն է, որ բավական ծանր գործիք է` մոտ 13 կգ է կշռում: Բայց ես պետք է փորձեմ հաղթահարել (ժպտում է):
Կարծում եմ, որ բավականին մեծ հանդիսատես կլինի: Ես պետք է նշեմ, որ փորձ եմ ունեցել երաժիշտների հետ, և այն հիանալի է անցել:
Ռոզա Գրիգորյան