Նիկոլ Փաշինյանը պահանջեց լսումներ անցկացնել ցմահ դատապարտյալների հարցի վերաբերյալ
SocietyԻնչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր մեկնարկեց հերթական քառօրյա նստաշրջանը, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ առաջարկով: Անդրադառնալով հոկտեմբերի սկզբին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 50-ից ավելի ցմահ դատապարտյալների բողոքի քայլին, այն է՝ հացադուլին, պատգամավորը նշեց. «Ես այցելել եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Թյուր կարծիք կա շատերի մոտ, թե ցմահ ազատազրկման դատապարտվածները պահանջում են իրենց ազատ արձակել: Նրանց պահանջն ուրիշ է: Կոնցեպտուալ հարցը, որ ես հանդիպել եմ այնտեղ, սա է՝ արդյո՞ք ցմահ ազատազրկման դատապարտել նշանակում է դանդաղ մահապատիժ: Կան հարցադրումեր, որ արժե ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել, մասնավորապես լսումներ հրավիրել»:
Ընդդիմադիր պատգամավորը, դիմելով Պետաիրավական հարցերի հանձնաժողովին, ասաց, որ իրականում կան հարցեր, որոնց պատասխանները պետք է հստակեցվեն՝ տուժողների իրավահաջորդների կարծիքը նույնպես հաշվի առնելով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոստացավ տեղեկատվություն ստանալ խնդրի վերաբերյալ եւ պատասխանել Փաշինյանի հարցերին: «Հանձնաժողովը լսեց այդ մասին, դա իր լիազորության շրջանակում է, կփորձեմ, ինչքան հնարավոր է, տեղեկատվություն ստանալ ու պատասխանել ձեր հարցին»,-ասաց նա:
Սոսե Չանդոյան