Նախորդ տարվա համեմատ Հայաստանում աճել է արտակարգ պատահարների թիվը
SocietyՀանրապետությունում անցած 9 ամիսներին գրանցվել է 12.358 արտակարգ պատահար, որից 8.590-ը տեխնածին, 317-ը տարերային, 3.451-ը սոցիալ կենսաբանական դեպքեր են: Պատահարների արդյունքում զոհվել է 453, տուժել 7.047 մարդ: Հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
«Ընդհանուր առմամբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտակարգ պատահարների թիվն աճել է 2.833-ով, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիներին իրականցվող դիտարկումներում: Վիճակագրական այս ցուցանիշը պայմանավորված է բուսածածկ տարածքներում հրդեհների թվաքանակի կտրուկ աճով: 9 ամիսների ընթացքում գրանցվել է 5.986 հրդեհ, ինչը 2.693-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ հավելեց Խանգելդյանը` նշելով, որ որոշակի աճ է գրանցվել նաև ճանա պարհատրանսպորտային պատահարների թվում: Գրանցվել է 2.488 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 200-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: ՃՏՊ-ների արդյունքում գրանցվել է 245 մահվան դեպք, ինչը 33-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Նվազում է գրանցվել թունավորումների դասում, որտեղ վերջին տարիներին պարբերաբար աճ էր գրանցվում:
«Այս տարի թունավորումների դասում ունեցանք առաջին նվազումը. դեպքերը նվազել են 92-ով: Տարին աննախադեպ էր նաև նախարարության կողմից իրականացվող արձագանքումների համար: Արձագանքվել է 18.109 դեպքի, որից 8.998 արտակարգ, իսկ 5.801-ը կենցաղային բնույթի դեպքեր էին: Ստացվել է նաև 554 կեղծ զանգ»,- նշեց կենտրոնի պետը:
Հանրապետությունում, Խանգելդյանի փոխանցմամբ, գրանցվել է 317 վտանգավոր տարերային երևույթ: Գրանցվել են ուժեղ քամիների 71 և կարկտահարության 22 դեպք: Աննախադեպ են եղել կայծակնահարման դեպքերը: Գրանցվել է կայծակնահարման 6 դեպք: