Սուրիկ Խաչատրյանի մասին կարելի է ֆիլմեր նկարել, նրանց ընտանիքը կրիմինալիստիկայի մեջ կարելի է մտցնել. Ա.Մանուկյանը՝ ՄԻՊ-ին
Society«Այսօր Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում անմխիթար վիճակ է տիրում»,- այս մասին ԱԺ նիստում մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա գործունեության ծրագրի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ձեր ելույթներից չի զգացվում, որ դուք հարձակվող բնույթի եք: Հայաստանն անմխիթար վիճակում է, արտագաղթի պատճառն իրավական անպաշտպանվածությունն է, Հայաստանը լքում են, որովհետև երկրորդ պատճառը չպաշտպանված լինելն է»,- ասաց նա:
Արամ Մանուկյանը, շարունակելով ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի՝ Գագիկ Ջհանգիրյանի խոսքը, առաջ քաշեց ՄԻՊ-ի պաշտոնը լքելու հարցը:
«Ձեզ հանելուց հետո հանրությունը եթե ախ քաշեց, ուրեմն արդյունավետ եք աշխատում, բայց դուք փորձում եք մանևրել, փնտրել պաշտպանություն ԱԺ-ում՝ ումից, ով հիմնական խախտումներն է անում: Սխալ տեղ եք փնտրում պաշտպանությունը»,- նշեց Արամ Մանուկյանը:
Մանուկյանը քննադատեց օմբուդսմենին մի շարք աղմկահարուց գործերի վերաբերյալ անուններ չհնչեցնելու համար: «Սուրիկ Խաչատրյանի մասին կարելի է ֆիլմեր նկարել, կրիմինալիստիկայի մեջ այդ ընտանիքը կարելի է մտցնել, Ռուբեն Հայրապետյանի համար կարելի է թրեյլեր նկարել:
Ձեր պաշտպանվածությունը կոնվենցիաներն են, մի քիչ համարձակ, վստահ պաշտպանեք մարդու իրավունքները, թող քննադատեն ձեզ դրա համար: Ձեր ֆունկցիան իշխանությունների կողմից քարկոծվելն է, կհանեն, ոչինչ, կգնաք որպես իսկական պաշտպան: Թե չէ Էդպես քաղաքավարի, հուշիկ-մուշիկ չի լինի»,- Կ.Անդրեասյանին ասաց Ա. Մանուկյանը:
Սոսե Չանդոյան