Ռումինիայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմեր
CultureՌումինիայի Միջազգային Կինոփառատոնի շրջանակներում հոկտեմբերի 19-ից 25-ը Բուխարեստում կազմակերպած ցուցադրությունների շարքում աչքի ընկնող տեղ գրավեցին հայկական կամ հայկական թեմաներով ֆիլմերը:
Ցուցադրության շրջանակներում հանդիսատեսին ներկայացվեցին Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի «1915» հոգեբանական դրաման, հայտնի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆատիհ Աքինի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմը եւ Արցախյան պատերազմի օրերի մասին Ջիվան Ավետիսյանի հայ-լիտվական համատեղ արտադրության «Թեւանիկ» եռապատումը։
Այս տարի օգոստոսին «Թեւանիկը» արժանացել էր Ռումինիայի Միջազգային Կինոփառատոնի մրցանակին` «Աշխարհից կտրված մի փոքրիկ գյուղակում բնակիչների վրա պատերազմի կնիքը յուրահատկորեն նկարագրելու համար»:
Ռումինիայի Միջազգային Կինոփառատոնը միավորում է Սեւծովյան ավազանի երկրների կինոարտադրությունը: Փառատոնի կազմակերպիչներից է ծագումով հայ Կոռնելիա Պալոսը, ում հեղինակած երեք ֆիլմեր նույնպես ցուցադրվեցին այդ օրերին:
Կիրակի Բուխարեստի մշակութային կյանքը շարունակվեց հայկական երանգներով մեկ այլ միջոցառմամբ: Ռումինիայի մշակութային ինստիտուտի նախաձեռնությամբ Բուխարեստի Լյութերանական եկեղեցում տրանսիլվանական «Ֆլաուտո Դոլչե» խումբը ներկայացավ «Մշակութային բազմազանությունը Ռումինիայի վաղ երաժշտարվեստի մեջ» համերգային ծրագրով, որի մեջ ուրույն տեղ են գրավում խմբի մշակմամբ հայկական ավանդական երաժշտության կատարումները:
Զոլթան Մայոյի ղեկավարած քառյակը Տրանսիլվանիայի Կլուժ եւ Գեռլա քաղաքների հայկական արխիվներից պեղած հայկական նոթագրերը վերակենդանացրել եւ յուրովի է ներկայացնում ռումին հանդիսատեսին` երաժշտական գործիքների թվում օգտագործելով նաեւ Տրանսիլվանիայի հայկական վարպետների 18-րդ դարում պատրաստված երգեհոնը:
Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Ֆլաուտո Դոլչեն տարվա ընթացքում հայկական կատարումներով է հանդես եկել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների ընթացքում եւ Հայաստանի ազգայի տոնի պաշտոնական ընդունելությանը: