Ցավոք, Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա կամ «Հայհոյեք ինձ, Արկադի՛»
AnalysisՀայաստանում քաղաքական լուրջ գործընթացներ ծավալելու համար անհրաժեշտ է Լևոն Տեր-Պետրոսյանի լանգառին, խարիզմային ու սթափությանը գոնե մոտ քաղաքական գործիչ...
Ինչ ուզում ենք ասենք Առաջին նախագահի վերաբերյալ, համաձայնվենք նրա տեսակետներին, թե ոչ՝ Տեր-Պետրոսյանը քաղաքական գործչի այնպիսի բարձր նշաձող է սահմանել, որ մյուս բոլոր քաղաքական գործիչները նրա ներկայությամբ գաճաճիկներ են թվում: Ցավոք, նրա պասիվությունն ու դե ֆակտո հեռանալը քաղաքականությունից ներքաղաքական ներկապնակում ոչ թե բազմազանության և վառ գույների առաջացման պատճառ հանդիսացավ (ինչպիսին լինում է սովորաբար), այլ՝ գորշության:
Վանոն ասում էր՝ թե´ իշխանության և թե´ ընդդիմության գործունեությունը այս տարիների ընթացքում եկավ ապացուցելու, որ, ցավոք սրտի, Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա: Ցավալի է, քանի որ մեկ մարդու հույսին մնալը թե´ ազգի, թե´ երկրի քաղաքական համակարգի առողջության մասին չի խոսում: Տարատեսակ չկայացած փրկիչների ու քաղաքական շուլերների ջերմոցային պայմաններում բազմացումը հենց այդ մասին է խոսում:
Այդ է պատճառը, որ սահմանադրական բարեփոխումներ հորջորջվող քաղաքական մեյմունությունը անցնում է գորշ, տաղտկալի, ծիծաղելի ու զվարճալի ակցիաների ուղեկցությամբ: Հաց և տեսարաններ բանաձևը հրաշալի է աշխատում, ու տեսարանն այնքան տաղտկալի ու խղճուկ է, որ հիմնական դիալոգը տեղի է ունենում ոչ թե իշխանություն - ընդդիմություն, այլ ընդդիմություն - ընդդիմություն, «ընդդիմություն» - ընդդիմություն, «ընդդիմություն» - «ընդդիմություն» հարթության մեջ: Ընդ որում, շատ կարևոր է, որ խրոխտ ընդդիմություն գովազդվելու համար պարտադիր այդ ներքին բազարները պետք է ուղեկցվեն իշխանությունների հասցեին հնարավոր ամենակոպիտ հայհոյանքներով (ով ավելի կոպիտ ու բարձր է հայհոյում՝ դափնին նրանն է): Ու հենց Լևոնի խարիզմայի տեր գործիչների բացակայությունն է պատճառը, որ քաղաքական դիալոգին ու հասուն քայլերին փոխարինելու է եկել ուշունցը՝ ընդդիմադիր լինելու ամենաուժեղ փաստարկը:
Մինչդեռ ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ նրանցից շատերին հենց իշխանությունն է խրախուսում՝ իրենց հայհոյելու և տեսարաններն ապահովելու համար:
Մոտավորապես «Կարգին սերիալի» Գեորգիի նման, ով հաճույք էր ստանում դրանից և իրեն հայհոյելը համարում էր իր նպատակների իրագործման ճանապարհներից մեկը. «Հայհոյեք ինձ Արկադի, հայհոյեք ինձ հենց հիմա»...
Վարուժան Բաբաջանյան