Հայաստանի ատոմակայանը բացարձակ անվտանգ է. Ադոլֆ Բիրկհոֆեր
SocietyՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը կարծում է, որ Հայաստանի ատոմակայանը բացարձակ անվտանգ է: Այս մասին հայտնեց պաշտոնյան հոկտեմբերի 27-ին խորհրդի 14-րդ նիստի ավարտին` լրագրողների հետ ճեպազրույցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողի այն հարցին ի պատասխան, որ «Թուրքիան, քաղաքական նպատակներից ելնելով, շահարկում է Հայաստանի` ատոմակայան ունենալու հարցն ու անվտանգության հարց է բարձրացնում` նշելով, թե դա վտանգ է ներկայացնում իրենց համար: Կուզեի իմանալ` ինչպիսին է Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը», գերմանացի մասնագետը նշեց. «Հայկական ատոմակայանը բացարձակ անվտանգություն ունի, նկատի ունեմ, որ նույն մակարդակի անվտանգությունով են օժվտած բոլոր նման տեսակի ատոմակայանները: Դրան Հայկական ատոմակայանը հասել է երկար տարիների ընթացքում»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք, Հայաստանը շարունակելու է ատոմային էներգակայան ունենալ ներկայում գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ավարտից հետո, Ադոլֆ Բիրկհոֆերը համաձայնեց իր հայ գործընկերոջ` նշյալ խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանի հետ, որ Հայաստանն անպայման ունենալու է ատոմակայան, քանի որ դա անհրաժեշտ է էներգետիկ անվտանգություն ապահովելու համար: «Պարոն Պետրոսյանը հիմնականում իրավացի է, ես էլ նույն բանը կասեի»,-ասաց Ադոլֆ Բիրկհոֆերը:
Վահրամ Պետրոսյանն ավելացրեց. «Մենք նախևառաջ համաշխարհային հանրության, ՄԱԳԱՏԷ-ի կողմից հաստատված ենք որպես միջուկային տեխնոլոգիա ունեցող երկիր, չպետք է դա մեր ձեռքից բաց թողնենք: Բացի դրանից` մենք ունենք նաև կադրեր, գնալով սերնդափոխություն պետք է կատարվի: Հայաստանի նման երկիրը, որը չունի նավթ, գազ, կարծում եմ`պետք է ունենա ատոմային էներգակայան»:
Հոկտեմբերի 27-ին կայացել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստը, որը ստեղծվել է 1996 թվականին` ՀՀ նախագահի հրամանագրով: Անկախ խորհրդակցական այդ մարմինն ստեղծվել է` ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից: