Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունեցել «Կարնեգի հոլում»
CultureՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 27-ին ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի «Կարնեգի հոլում»՝ ղեկավարելով Կորեայի կամերային նվագախումբը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, Սերգեյ Սմբատյանն ամենաերիտասարդ հայ դիրիժորն է, ով հանդես է եկել «Կարնեգի հոլում»։
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել մեծ ճանաչում ունեցող երգչուհի Քարլի Պաոլին (մեցցո-սոպրանո), հարավկորեացի ջութակահար Սոյունգ Յունը` մեր ժամանակների ամենապայծառ երաժիտներից մեկը, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստներ Ինո Միրկովիչը (ջութակ), Միլթոն Մասքիադրին (կոնտրաբաս): Երաժշտական տնօրենն եղել է Մին Կիմը։
Ծրագրում հնչել են Պիացոլայի «Տարվա ժամանակները», Մենդելսոնի 10-րդ սիմֆոնիան, Շուբերտի, Բոտտեզինիի, Գերշվինի, Էլգարի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երկու մասից բաղկացած գալա-համերգը տևել է մոտ 2,5 ժամ։
Համերգը «Կարնեգի հոլում» կայացել է Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակում։ Կորեայի կամերային նվագախումբն համաշխարհային համբավ ունի ։ Ի դեպ, 2015 թվականին Կորեայի կամերային նվագախումբն արդեն իսկ երկու համերգ ունեցել էր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ. հունվարին՝ Սեուլի արվեստների կենտրոնում աշխարհահռչակ հոլիվուդյան արտիստ Ջոն Մալկովիչի հետ համատեղ, և փետրվարին՝ Մոսկվայում։
Մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ Կորեայի կամերային նվագախմբի հաջորդ բեմելը հոկտեմբերի 31-ին Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիայի «Ջորդան հոլ» դահլիճում է։
Համերգները Միացյալ Նահանգներում անցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո և մաս են կազմում միջազգային այս կազմակերպության 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին։
Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է բազմաթիվ հեղինակավոր նվագախմբեր՝ Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ,Տամպերեի ֆիլհարմոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Գերմանիայի սիմֆոնիկ, Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ,Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ, Վարշավյան ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլկոլեկտիվներ՝ ներկայացնելով հայ և համաշխարհային երաժշտարվեստի ներկայացուցիչների ստեղծագործությունները։ 28-ամյադիրիժորին ծափահարել են աշխարհի ամենահայտնի բեմերում ու ամենաքմահաճ հանդիսատեսը: