Իտալիայում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել «Արմին Տեոֆիլ Վեգները և Անատոլիայի հայերը» ցուցահանդեսի բացմանը
SocietyՀոկտեմբերի 23-ին կայացել է Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Ռեջիո Էմիլիա քաղաք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպանը ներկա է գտնվել գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների՝ «Արմին Տեոֆիլ Վեգները և Անատոլիայի հայերը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:
Այնուհետև դեսպան Ղազարյանը մասնակցել է «Մեծ եղեռն. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողովին, որը կազմակերպվել էր Ռեջիո Էմիլիայի քաղաքապետարանի կողմից:
Գիտաժողովին ելույթներ են ունեցել դեսպան Սարգիս Ղազարյանը, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի հիմնադիր սենատոր Ալբերտինա Սոլիանին, “Istoreco” ինստիտուտի փոխնախագահ Տիցիանա Ֆոնտանեզին և այլոք: Բանախոսները ընդգծել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհուրդը, թուրքական ժխտողականությունը, նոր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությունը:
Ցուցահանդեսն ու գիտաժողովը եզրափակել են Ռեջիո Էմիլիայում մեկ ամիս տևած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք ներառում էին գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և համերգներ:
Այնուհետև Ռեջիո Էմիլիայի “UNINDUSTRIA” ձեռնարկատերերի ասոցիացիայում կայացել է դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումը ասոցիացիայի նախագահական հանձնաժողովի և տնօրենների խորհրդի անդամների հետ: Դեսպանն իտալացի գործարարներին ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակը և ներդրումային դաշտը, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսության զարգացման նոր հեռանկարները և Եվրոպական միության հետ առևտրատնտեսական կապերը:
Այնուհետև կայացել է Սարգիս Ղազարյանի հանդիպումը Ռեջիո Էմիլիայի “Legacoop” կոոպերատիվների միության նախագահ Լուկա Բոսիի հետ: Հանդիպումից հետո միության անդամներին ներկայացվել է Հայաստանի գործարար միջավայրն ու ներդրումային դաշտը, բիզնեսի զարգացման և ներդրումների համար ստեղծված նպաստավոր պայմանները, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընձեռած հնարավորությունները:
Այցի շրջանակներում դեսպան Ղազարյանը հարցազրույց է տվել տեղական RAI հանրային հեռուստատեսությանը: