«Նուբարաշեն» ՔԿ-ում դատապարտյալների նկատմամբ բռնությունների մասին հրապարակումների հիման վրա ծառայողական քննություն է նշանակվել
Society«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների նկատմամբ բռնությունների մասին հրապարակումների հիման վրա քրեակատարողական վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանի հարցին:
«Թե՛ մարդու իրավունքների պաշտպանի, թե՛իրավապաշտպանների, թե դիտորդական խմբի կողմից ստացված գրությունների հիման վրա ես քրեակատարողական վարչություն համապատասխան գրություն եմ ուղարկել, որի հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն»,- նշեց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանտ հստակեցրեց, որ ծառայողական քննության արդյունքում կպարզվեն այն հրապարակումները, ինչպես նաև հաղորդումները բռնությունների ու քրեակատարողական հիմնարկի ծառայողների գործողությունների օրինաչափության և իրավաչափության վերաբերյալ: «Այն պահին, երբ կավարտվի ծառայողական քննությունը, ես հանդես կգամ հայտարարությամբ և իմ մեկնաբանությունը կտամ: Մնացած այլ տարատեսակ մեկնաբանություններն ապատեղեկատվություն են»,- եզրափակեց նախարարը: