Դամասկոսում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում
CultureԴամասկոսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում տեղի է ունեցել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության 20 ռահվիրաների հիշատակի վերաբերյալ միջոցառում:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից:
Հայոց ցեղասպանության և քսան ռահվիրաների հիշատակի առիթով Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվել տեղի թեմի առաջնորդ Արմաշ Եպս. Նալբանդյանի գլխավորությամբ:
Նահատակների ոգեկոչման միջոցառումը նախագահել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, ով այդ նպատակով Երևանից Դամասկոս էր ժամանել: Միջոցառմանը ներկա էին հայ երեք կուսակցությունների պատասխանատուներ, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ազգային-կրոնական վերնախավի ներկայացուցիչներ, մեծ թվով տեղաբնակ հայեր:
Հնչակյան ղեկավարն իր խոսքում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հետևանքներին, Հայաստանում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, Սիրիայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին:
Միջոցառման ավարտին Հակոբ Տիգրանյանը պարգևատրել է ՍԴՀԿ-ի անդամներ Արմենակ Օհանյանին և Սողոմոն Ելենյանին: