Հայ-իրանական համագործակցությունն ընդգրկում է մշակույթի ամենատարբեր ոլորտները. Ներսես Տեր-Վարդանյան
SocietyՀայ-իրանական համագործակցությունը վերջին շրջանում բավական արդյունավետ է և ընդգրկում է մշակույթի ամենատարբեր ոլորտները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
«Առանձին տեղ ունի պատմամշակութային ժառանգության ոլորտում համագործակցությունը: Դեռևս 2008 թվականին իրանական կողմի նախաձեռնությամբ հայկական երեք եկեղեցի ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում: Սա շատ կարևոր է մեզ համար. սա նշանակում է, որ երկիրը պատրաստակամ է հարևան երկրի մշակույթը պահպանելու ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց մշակույթի նախարարի տեղակալը:
Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով` հայկական կողմը նախաձեռնել է Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկելու ծրագիրը:
«Հուսով ենք, որ առաջիկայում իրանական կողմի հետ կանենք դա: Հայտը միասին պետք է ներկայացնենք: Հայկական կողմն իր ուսումնասիրություններն արդեն իրականացրել է, սպասում ենք իրանական կողմին»,-հավելեց Ներսես Տեր-Վարդանյանը:
Կապույտ մզկիթը Երեւանի մուսուլմանական միակ աղոթատունն է: Այն կառուցվել է 1766 թվականին` Հուսեյն խանի նախաձեռնությամբ: Մզկիթ այցելում են մեր երկրում բնակվող մուսուլմանները: Կապույտ մզկիթը Կովկասում ամենամեծն է: Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի: Երկու մզկիթ է վեր խոյանում` մեկը կապույտ գմբեթով (այդ պատճառով էլ կոչվում է Կապույտ մզկիթ), մյուսը, որն ավելի փոքր է, կրում է պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունը: Երկու մզկիթները միանում են 28 սենյակների շղթայով: Այս մզկիթը Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերից է: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց` մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված: