Հայաստանում դեկտեմբերին կմեկնարկի օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր
SocietyՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը, որը գլխավորել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագրի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման նպատակն է եղել քննարկել Գործակա լության հետ համատեղ իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերը, մասնավորապես, օրգանական գյուղատնտեսության զարգացման (OASI) ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ: Ծրագիրը, որի տևողությունը 37 ամիս է, կմեկնարկի ընթացիկ տարվա դեկտեմբերին:
«Օրգանական գյուղատնտեսության զարգացումը մեր ոլորտի կարևորագույն ուղղություններից է: Մենք օրգանական գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման լայն հնարավորություն ունենք, և համոզված եմ, որ այս ծրագիրը կնպաստի մեր երկրում որակյալ գյուղմթերքի արտադրությանը և դրանով իսկ օրգանական գյուղատնտեսության զարգացմանը»,-նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Պարոն Մուքենհուբերն իր հերթին նախարարին համառոտ ներկայացրել է ծրագրի բովանդակությունը, դրա բաղադրիչները` ընդգծելով, որ ծրագրի կարևոր բաղկացուցիչներից կլինեն նաև համապատասխան օրենսդրության բարելավումն ու լայն հասարակայնության իրազեկումն օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ:
Միևնույն ժամանակ նախարարը նպատակահարմար է համարել հնարավորության դեպքում ծրագրում ներառել նաև օրգանական գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման և հայ մասնագետների վերապատրաստման հարցը:
Հանդիպման ընթացքում կողմերը համոզմունք են հայտնել, որ մեկնարկող ծրագիրը կունենա արդյունավետ և բարեհաջող ընթացք: