«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին մասնակցել է 235 կատարող
CultureՀՀ սփյուռքի նախարարությունում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել նախարարին կից ատյանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են եղել 3 հիմնական և ընթացիկ հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Արի տուն» հայրենաճանաճության 2015 թվականի ծրագրի արդյունքների և 2016 թվականի անելիքների վերաբերյալ զեկուցել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության 2015թ-ի ծրագիրն իրականացվեց հաջողությամբ: Հազարից ավելի երիտասարդներ այցելեցին Հայաստան: Ծրագրի յուրաքանչյուր օրը երիտասարդները սկսել են հայերենի ուսուցմամբ: 2015թ. ևս ծրագրին մասնակցեց Դիարբեքիր-Տիգրանակերտից ժամանած 80 հոգուց կազմված իսլամացված հայերի խումբ: Ծրագրի մասնակիցները, ինչպես ամեն տարի, այցելեցին Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ առավել ծանոթանալով հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին: Հայաստանյան ընտանիքներում 9-օրյա հյուրընկալությունից հետո վերջին 5 օրն անցկացրեցին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում, որտեղ կազմակերպվեցին հայ երգի ու պարի ուսուցման դասեր»:
Աշխատակազմի ղեկավարը կարևորել է հատկապես տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:
Համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2015 ծրագրի արդյունքները: Նա նշել է, որ այս տարի ամառային դպրոցն ընդունել է 216 մասնակից` 21 երկրից: Հաջողությամբ ընթացել են ամառային դպրոցի 6 ուղղություններն էլ: Դասավանդման գործընթացում ներգրավված են եղել ԵՊՀ-ի և այլ բուհերի, ինչպես նաև սփյուռքից հրավիրված մասնագետներ և մշակութային գործիչներ: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ ՀՀ քաղաքական, մշակութային անվանի գործիչների հետ:
Գյանջումյանը նշել է, որ պատրաստվել է 2016թ. հայտարարության տեքստը և հայտադիմումները, որոնք առաքվում են սփյուռքյան համայնքներին և լրատվամիջոցներին:
«Սփյուռք» ամառային դպրոցի բովանդակային և կազմակերպչական հարցերի վերաբերյալ զեկուցել է «Սփյուռք» ամառային դպրոցի տնօրեն Կամո Աթոյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի իրականացման արդյունքների մասին զեկուցումով հանդես է եկել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Է. Եսայանցը: Նա նշել է, որ փառատոնին այս տարի մասնակցել է 12 երկրներից ժամանած շուրջ 235 կատարող, այդ թվում՝ օտարազգի Ուլալա Իուոնեն՝ Ճապոնիայից, Վիլունդ Անն-Քրիստինեն՝ Շվեդիայից, Լեման Շթեյնը՝ Գերմանիայից: Համահայկական մշակութային փառատոնը բաղկացած է եղել երկու մասից՝ «Ստամբուլի հայ համայնքի օրերը Հայաստանում» և «Երգում ենք Կոմիտաս» փառա տոնը: Այնուհետև ցուցադրվել է «Կոմիտաս» փառատոնի մասին պատմող ֆիլմ:
Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, ձեռքբերոմները, և հանձնարարականներ տվել նախարարության ծրագրերի նախապատրաստական աշխատանքներ սկսելու և դրանք առավել կատարելագործելու վերաբերյալ: