Հայաստանը հեռահար զենք կգնի. Սեյրան Օհանյան
Հայաստանի Զինված ուժերը շուտով կհամալրվեն նոր՝ առավել հեռահար զենքով: Նման հայտարարությամբ սեպտեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք օրեցօր ընդլայնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերների, ավելի հստակ՝ Ռուսաստանի հետ և արդիականացնում սպառազինությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Օհանյանը:
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում նախարարը չմանրամասնեց, թե Հայաստանն ումից է գնելու այդ զենքերը: Օհանյանը հիշեցրեց ռազմական գաղտնիքի և դրա պահպանման սկզբունքի մասին' հավելելով, որ այն, ինչ կարող էր' արդեն ասել է:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին նախարարն ասաց, որ հարևան պետության պաշտպանունակության և սպառազինության հարցը մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: «Մենք մեր տեսակետներն ու մտահոգությունը հայտնում ենք բոլոր ատյաններում»,- ընդգծեց Օհանյանը:
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Երևանի պետական տնտեսագիտական համալսարան էր այցելել' մասնակցելու համալսարանի բակում Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված «Զոհերի հիշատակ» հուշաքարի և ուսանող-ազատամարտիկների լսարանի բացմանը: