Մնջախաղի թատրոնի համար յուրաքանչյուր նոր ներկայացում իրադարձություն է. Ժիրայր Դադասյան
CultureԵրևանի մնջախաղի պետական թատրոնի համար յուրաքանչյուր նոր ներկայացում իրադարձություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺիրայրԴադասյան ը` տեղեկացնելով, որ մշակութային օջախում նոր` «Գահի ոգին» վերնագրով ներկայացում է բեմադրվել:
«Հպարտ եմ, որ այս ներկայացումն էլ հասցրեցինք ավարտել: Այն կար էսքիզային տարբերակով, բայց ավարտուն տեսքով հանդիսատեսի դատին է ներկայացվել հոկտեմբերի 29-ին: Շատ արդիական ասելիք ունի»,-նշեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Ժիրայր Դադասյանի խոսքով` ներկայացումն ասելիքի առումով շատ պարզ է, բայց կարևորն այն է, թե ինչպես է ներկայացվում այդ ասելիքը:
«Գահի ոգին» ներկայացման հեղինակը, բեմադրիչը, նկարչական և երաժշտական ձևավորողը ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանն է: «Գահին ձգտող շեքսպիրյան հերոսի վախճանն անխուսափելի է». հենց այս նախադասությամբ է Յուրի Կոստանյանը բնորոշում ներկայացումը, որում խաղում է դերասանուհի Գայանե Խաչատրյանի հետ:
«Ես կարծում եմ, որ հանդիսատեսը, գալով և դիտելով ներկայացումը, ինքն է յուրովի ընկալում այն, ինչ ասում է այս նախադասությունը: Ներկայացումը նախնական տարբերակներ է ունեցել, բայց թատրոնի խաղացանկ չի մտել: Որպես մոնոներկայացում` այն խաղացել եմ Բելգրադում, շահել եմ առաջին մրցանակն այնտեղ անցկացվող միջազգային փառատոնում»,-մեզ հետ զրույցում նշեց Յուրի Կոստանյանը:
Նրա խոսքով, ներկայացման մեջ երկու կերպար կա` գահին ձգտող հերոսը և այդ գահի ոգին: «Վերջնական տարբերակը ստանալու համար երկու ամիս է պահանջվել: Հաջորդ անգամ ներկայացումը կցուցադրենք նոյեմբերի 19-ին»,-հավելեց նա:
Երևանի մնջախաղի թատրոնի պատմության սկիզբը դրվեց 1969 թվականին` Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանի շնորհիվ, որի ստեղծած «Տուշպա» թատերախումբը մանրապատումների ծրագրով 1969 թվականին դարձավ հանրապետության ուսանողական «Գարուն» փառատոնի դափնեկիր։ Իր առաջին ամբողջական ներկայացմամբ թատերախումբը հանդես եկավ 1974 թվականի մայիսի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ , որի շնորհիվ ճանաչվեց «պրոֆեսիոնալ կոլեկտիվ» Ö ‡ ընդգրկվեց Հայհամերգի կազմում։ Այս տարեթիվն էլ թատրոնի ծննդյան օրն է։ Պետական կարգավիճակ թատրոնը ստացավ 1983 թվականին և վերանվանվեց «Երևանի մնջախաղի պետական թատրոն»։ 1998 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար է դառնում Ժիրայր Դադասյանը, ով ղեկավարում է թատրոնը ցայսօր: