«Նռան հատիկ» փառատոնը հատեց եզրագիծը
Culture«Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական թատերական փառատոնը միշտ անցել է բարձր մակարդակով:«Արմենպրես»-ի հետ զրույցում խոսելով այս տարվա իրադարձության մասին` նշեց փառատոնի կազմակերպիչ,«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայինախագահ Գարիկ Ղազարյանը:
«Այս տարվանը նույնպես բարձր մակարդակով անցավ: Անկախ նրանից ` երեխաները կդառնա՞ն դերասան, թատրոնի գործիչ, թե ոչ, փառատոնի շնորհիվ կսիրեն թատրոնը և թատրոնն իրենց կօգնի ներկայանալ հանրությանը»,-նշեց նա:
«Նռան հատիկ-2015» մանկապատանեկան 15-րդ հանրապետական թատերական փառատոնն անցկացվեց «Վերածնունդ» խորագրի ներքո:
«Խորագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մենք չենք պարտադրել, որ բոլորը ցուցադրեն այդ թեմայով ներկայացումներ, որովհետև եթե Չեխով, Թումանյան ենք խաղում, նշանակում է` մենք ապրում ենք, վերածնված ենք: Բայց նաև տարելիցին նվիրված մի քանի ներկայացում ունեցանք»,-հավելեց Գարիկ Ղազարյանը:
Փառատոնին այս տարի մասնակցեց 30 թատերախումբ՝ 35 ներկայացումով:
«Ամեն տարի միշտ 30 և ավելի թատերախումբ է մասնակցում` մոտ 35 ներկայացմամբ: Փառատոնը 15-րդ անգամ էր անցկացվում, հոբելյանական էր, մասնակցել են այն խմբերը, որոնք միշտ ելույթ են ունեցել փառատոնին, ինչպես նաև 6 նոր թատերախումբ»,-հավելեց նա:
Գարիկ Ղազարյանը տեղեկացրեց, որ փառատոնն անցկացվում է երկու փուլով:
«Առաջին փուլում ինքներս ենք գնում մարզեր, ընտրում լավագույն ներկայացումները: Եթե ներկայացումներ կան, որոնք շտկման կարիք ունեն, մենք օգնում ենք, որ փոփոխեն: Հետո արդեն դրանք ցուցադրվում են Երևանում»,-շեշտեց նա`հավելելով, որ փառատոնի ավարտից հետո զբաղվելու են «Նռան հատիկ-2016»-ի ծրագրով:
«Մեր հիմնական նպատակն այն է, որ երեխաները դպրոցական նստարանից սկսած ծանոթանան բարձրորակ գրականությանը, դրամատուրգիային, կարողանան մաքուր հայերենով բեմից խոսել: Մենք նպատակ չունենք պրոֆեսիոնալ դերասաններ դաստիարակել: Մենք ուզում ենք, որ թատրոնը երեխաների համար լինի մուտք դեպի արվեստ: Մենք կցանկանայինք, որ «Թատրոն» առարկան բոլոր դպրոցներում դասվանդվեր, օրինակ` Ա. Շիրակացու անվան ճեմարանում նման առարկա կա, որը ես եմ դասավանդում»,-հավելեց նա:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպությաննախաձեռնությամբ հոկտեմբերի 25-30-ը անցկացվեց «Նռան հատիկ-2015» մանկապատանեկան 15-րդ հանրապետական թատերականփառատոնը:
Փառատոնի նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել ևհամակարգել գործող թատերական մանկապատանեկան խմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը: