Գերմանացի ընթերցողը լավ է ընդունում Սևակին
CultureՊարույր Սևակը մեծապես ընդունված է Գերմանիայում: Գերմանացի ընթերցողին հատկապես հարազատ է նրա «Մոր ձեռքերը». մայրական սիրո նկարագրությունը ամենարծարծված թեման է 19-րդ դարի գերմանական գրականության մեջ:
Հոկտեմբերի 31-ին լրագորղների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը` անդրադառնալով Գերմանիայում հրապարակված Պարույր Սևակի ստեղծագործությունների գերմաներեն թարգմանությանը: «Գերմանական հասարակությանն են ներկայացվել Պարույր Սևակի բանաստեղծական բոլոր շերտերը: Գերմանացի ընթերցողը լավ է ընդունում Սևակին, և նրա բանաստեղծությունների թարգմանությունները շատ է վաճառվում հենց շնորհանդեսների ժամանակ»,- ասաց Օրդուխանյանը:
24 և 4 բանաստեղծություններն ամփոփող փոքրիկ ժողովածուն ստեղծվել է բանաստեղծ, գրքի թարգմանիչ Ագապի Մկրտչյանի և Բոխումի գրողների միության խոսնակ, գրող Հայդե Ռիկ Վոդկեի շնորհիվ: 24-ը խորհրդանշում է ապրիլի 24-ը, 4-ը` չորրորդ ամիսը` ապրիլը: Ժողովածուի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել Հայաստանի գրողների միությունում: Նոյեմբերի 20-ին կլինի գրքի շնորհանդեսը Վիզբադենում: Այն տպագրվել է 1000 օրինակով Բեռլինի «Hans Schiler» հրատարակչությունում:
Հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակը (Պարույր Ղազարյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝Զանգակատուն) գյուղում։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1945), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը (1955), որտեղ և դասախոսել է (1955-1959)։ 1963-1971 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942-ից։ Բանաստեղծը թողել է հարուստ գրականժառանգություն: Մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից: