«Սուրճի ընդմիջում» անվանի դերասան Սամսոն Ստեփանյանի հետ
CultureՀայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երիտասարդական մշակութային ակումբը և Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը համատեղ նոր հանդիպումների շարք են նախաձեռնել, որին մասնակցում են երիտասարդներ ու արվեստի նշանավոր ներկայացուցիչներ։ Ինչպես հայտնում է Orer.am-ը, այն նոր ձևաչափով կազմակերպված քննարկում է, որին ներկա գտնվողները միաժամանակ և՛հանդիպման մասնակցի դերում են, և՛ հանդիսատեսի:
Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած առաջին հանդիպումը դերասան, բեմադրիչ Սամսոն Ստեփանյանի հետ էր և կրում էր «Սուրճի ընդմիջում Սամսոն Ստեփանյանի հետ» խորագիրը։
Անվանի դերասանը, խոսելով թատրոնի, գրականության մասին, անդրադարձավ նաև մեր օրերին, մերօրյա հակասություններին, անսովոր իրադարձություններին։ Հանդիպումն այնքան ջերմ և մտերմիկ մթնոլորտում անցավ, որ հանդիսատեսը կարծես եկել էր մոնոներկայացման, որին հաջորդեց բուռն բանավեճը արծարծված թեմաների շուրջ։ Հանդիպման վերջում երիտասարդներից մեկը դերասանին նվիրեց տեղում նկարված դերասանի ծաղրանկարը։
Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը հաջողված էր, որն ի սկզբանե նպատակ էր հետապնդում երիտասարդների մեջ սեր արթնացնել մշակութային միջոցառումների հանդեպ, ինչպես նաև ապահովել նրանց շփումն արվեստի, անվանի մարդկանց հետ։