Օղու, կոնյակի և գարեջրի արտադրությունը նվազել է, գինու ու ոչ ալկոհոլային ընպելիքներինը՝ աճել
EconomicsՀայաստանում 2015թ. հունվար-սեպտեմբերին խմիչքների արտադրության ծավալը կազմել է 70 մլրդ 837 մլն դրամ (ավելի քան 149 մլն 634.5 հազար ԱՄՆ դոլար), և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 21.5 տոկոսով։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նշված ոլորտում անկման բեռը կրում են օղու և օղու-լիկյորի՝ արտադրության (նվազել է 7.2 տոկոս մինչև 6 մլն 84.9 հազար լիտր), կոնյակի (նվազել է 9.1 տոկոսով մինչև 10 մլն 971.2 հազար լիտր), գարեջրի (նվազել է 13.8 տոկոսով մինչև 17 մլն 959.1 հազար լիտր ) արտադրության ոլորտները։ 2015թ. առաջին ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են նաև բնական հյութերի արտադրության ծավալները՝ 14.8 տոկոսով, որոնք կազմել են 12 մլն 483.9 հազար լիտր, ինչպես նաև՝ հանքային ջրերինը՝ 20.5 տոկոսով՝ կազմելով 31 մլն 650.5 հազար լիտր։
Մյուս կողմից, գինու հայրենական ձեռնարկություններն արտադրության ցուցանիշը բարելավել են 5.2 տոկոսով. ծավալը կազմել է 3 մլն 990 հազար լիտր, շամպայն գինի արտադրողները՝ 1.9 տոկոսով՝ մինչև 253 հազար լիտր։ Միաժամանակ, արտադրվել են 59 մլն 430 հազար լիտր ոչ ալկոհոլային ընմպելիքներ (աճը՝ 3.1 տոկոս) և 25 մլն 562.9 հազար լիտր աղբյուրի ջուր (աճը՝ 2.3 տոկոս)։
2015թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է նաև վիսկի 627.3 հազար լիտրի չափով՝ այն դեպքում, երբ նման խմիչք նախորդ տարի մեր երկրում չի թողարկվել։