Արցախում հիշեցին եզդիների ցեղասպանության 40-րդ օրը (լուսանկարներ)
Երեկ Ստեփանակերտի Մաշտոց փողոցից մոտ 80 երիտասարդ «Ոչ ցեղասպանություններին» լոզունգով մոմերով երթ էին կազմակերպել դեպի Սուրբ Հակոբ եկեղեցի:
«Ոչ ցեղասպանություններին» քաղաքացիական նախաձեռնության Բերձորի ներկայացուցիչ Անի Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց երթով միանում են Երևանում և Ֆրանսիայում իրականացվող երթերին՝ Իրաքում օգոստոսի 2-ի 3-ի լույս գիշերը եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության 40 օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 11-ն ամբողջ աշխարհում նշվում է նաև որպես ահաբեկչության դեմ պայքարի օր: «Այս ամենը հետևանք է 100 տարի առաջ Թուրքիայում հայերի ցեղասպանության անպատժելիության: Մեր երթով դատապարտում ենք իրականացված ցեղասպանությունները և կոչ անում կանխել դրանց կրկնումը»,-ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, «Հետք»-ի հետ զրույցում մեկնաբանեց Ա. Հովհաննիսյանը:
Երթի համակազմակերպիչ (ընդհանուր առմամբ' 6 ՀԿ է ընդգրկված եղել) «Արցախակերտում» ՀԿ-ի համանախագահ Արտակ Բեգլարյանը համոզված է, որ Արցախում վերաբնակվելու ցանկություն հայտնած եզդիներին պատրաստ են մարդասիրական օգնություն ցուցաբերել: Դեռևս օգոստոսի սկզբին ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Արցախը պատրաստ է իր հնարավորության սահմաններում օգնել եզդի փախստականներին: «Չենք ուզում հիմա ոսկե սարեր խոսք տալ, դա ճիշտ չէ, բայց կփորձենք օգնել այնքանով, ինչքանով կկարողանանք,- tert.am-ի հետ զրույցում ասել էր Դավիթ Բաբայանը՝ հավելելով,- կարևորն այն է, որ մենք կիսում ենք բոլոր իրենց զգացմունքները»:
ԼՂՀ Կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և հայրենադարձության վարչության հայրենադարձության և միգրացիայի բաժնի պետ Էլինա Մխիթարյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ ոչ մի եզդի չի դիմել իրենց Արցախում վերաբնակվելու հարցով: