Բյուջեի հիմքում դրված է իրատեսությունն ու կայունությունը
EconomicsԱզգային ժողովի հանձնաժողովներում սկսվեցին հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի քննարկումները, որոնք մեկնարկեցին վարչապետի ելույթով։
Հաջորդ տարվա բյուջետային սպասելիքներն անշուշտ շատ մեծ չեն։ Սակայն ինչպես իր ելույթում նշեց Հ.Աբրահամյանը, դրանք թելադրված են այն իրողություններից, որոնց մեջ հայտնվել է համաշխարհային տնտեսությունը։ Այնպես որ, 2016թ. բյուջեի նախագծի հիմքում դրվել են «իրատեսականության եւ կայունության դրույթները»։ Այդ պայմաններում բյուջեն շարունակելու է մնալ հստակ սոցիալական ուղղվածության։
Վարչապետի կարծիքով, ողջ տարածաշրջանում հարկաբյուջետային ոլորտի զարգացումները վկայում են, որ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների եւ լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքսում տնտեսական աճի եւ հանրային բարեկեցության բոլոր ոլորտներում անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է։ Հատկապես որ, ի հայտ եկած մարտահարվերները դեռեւս նահանջելու հիմքեր չեն տալիս։
Ավելին.
-Բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ եւ միջազգային կառույցներ 2015թ. զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009թթ. միջազգային ֆինանսական ճգնաժամը։
Չնայած դրան, կառավարությանը հաջողվեց ոչ միայն խուսափել տնտեսական անկումից, ինչպես եղավ համաշխարհային ճգնաժամի առաջին փուլում, այլեւ աճ ապահովվեց։ Տարեսկզբի ինը ամիսների արդյունքում այն կազմեց 3,6 տոկոս, ինչն առկա մարտահարվերների պայմաններում տարածաշրջանային լավագույն ցուցանիշներից մեկն է, եթե ոչ լավագույնը։
Սա միջազգային ֆինանսական հաստատություններին եւ հեղինակավոր կառույցներին ստիպեց փոխել իրենց գնահատականները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ։ Տարեսկզբի խիստ վատատեսական կանխատեսումներից հետո, տարեվերջին ընդառաջ, երբ տնտեսական աճի տարեկան ցուցանիշներն սկսեցին աստիճանաբար ուրվագծվել, գնահատականներն ավելի լավատեսական դարձան։
Դրանով հանդերձ, արտաքին մարտահրավերների հետ կապված բարձր ռիսկերը շարունակում են պահպանվել։ Այդ պայմաններում կառավարությունն իր առաջիկա հիմնական խնդիրներից մեկը համարում է աշխատատեղերի ստեղծումը, որը կարող է լինել ներդրումների խթանման եւ տնտեսական աճի ապահովման միջոցով.
-Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատեւ կայուն աճի նախադրյալներ։
Գործարար միջավայրի համար կարեւոր է համարվում հարկաբյուջետային կայունությունը, ինչին կառավարությունն ակնկալում է հասնել նոր հարկային օրենսգրքի ներդրման արդյունքում։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ