«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորները հերքել են իրենց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը
SocietyՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության նախաձեռնությամբ, արձագանքելով 2015թ. հոկտեմբերի 23-ին «asekose.am» էլեկտրոնային կայքի՝ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի ենթարկվող դատապարտյալները հրդեհ են բռնկել» վերտառությամբ հոդվածի հրապարակմանը, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի հանձնարարությամբ նախապատրաստվել են նյութեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի մասնագետները ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, 2015 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 18.00-ի սահմաններում, խուզարկություններ են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասնաշենքերից մեկի 3-րդ հարկում գտնվող մի շարք խցերում:
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր և առարկաներ, ինչի վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Խուզարկություններ են կատարվել նաև ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքի առաջին հարկում գտնվող պատժախցերում: Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել խուզարկություն իրականացնող անձինք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները, կալանավորներ, ովքեր հերքել են իրենց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները, ինչպես նաև, որ անհնազանդության, բռնության կոչեր չեն հնչել, և հայտնել են, որ որևէ մեկի նկատմամբ ֆիզիկական ուժ չի գործադրվել:
Միաժամանակ, կատարվել են համապատասխան զննումներ և պատժախցերում գտնվող անձանց մոտ որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել, մարմնական վնասվածք ստանալու կապակցությամբ գանգատներ չեն ներկայացվել: