Քաղաքացու հաղորդմամբ` ոստիկանն իրենից պահանջել և ստացել է խոշոր չափի գումար
SocietyՔաղաքացի Անահիտ Չ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ 2015 թվականի օգոստոսին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Հետագայում իր ծանոթ, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողը իրեն հայտնել է, թե, իբր, հիշյալ որոշումը կայացվել է նրա միջնորդությամբ և խնդրանքով: Ոստիկանության ծառայողը հիշյալ որոշումը կայացրած քննիչին փոխանցելու պատրվակով իրենից պահանջել և ստացել է խոշոր չափի գումար:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախության, խոշոր չափով կաշառք տալու փորձի դրդչության, խոշոր չափի կաշառք տալու փորձի դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով, 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: