Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն աճել է 0.5 տոկոսով
EconomicsԱյս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում բեռնափոխադրումների 0.5 տոկոս աճը` մինչև 7 մլն 536.9 հազար տոննա, պայմանավորվել է ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալի 12.1 տոկոս մեծացմամբ (4 մլն 562.7 հազար տոննա):
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 293.7 հազար տոննա (աճը 2014թ. առաջին ինն ամիսների նկատմամբ` 50.8 տոկոս), ներկրումը` 937.7 հազար տոննա (աճը` 36.6 տոկոս), իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները`3 մլն 331.3 հազար տոննա (աճը` 4.5 տոկոս):
Երկաթուղային տրանսպորտով փոխադրվել է 1 մլն 842.2 տոննա բեռ. նվազումը կազմել է 19.2 տոկոս: Տրանսպորտի այս տեսակով արտահանումը նվազել է 13.6 տոկոսով` մինչև 229.8 հազար տոննա, ներկրումը`17.2 տոկոսով` մինչև 716.2 հազար տոննա, իսկ ներհանրապետական փոխադրումները նվազել են 22 տոկոսով և կազմել 896.2 հազար տոննա:
Օդային բեռնափոխադրումերի ծավալը և նվազումը 2014թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ կազմել են, համապատասխանաբար, 6.5 հազար տոննա և 19.8 տոկոս, այդ թվում` արտահանման պարագայում` 4 հազար տոննա և 24.5 տոկոս, ներկրման պարագայում` 2.5 հազար տոննա և10.7 տոկոս:
Մայրուղային խողովակաշարային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2015թ. առաջին ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.4 տոկոսով` մինչև 1 մլն 125.5 հազար տոննա: