Օպերային երգչուհի Լեոնորան միջազգային մրցույթներում լավագույն արդյունքներ գրանցելու համար Գյումրու ավագանու որոշմամբ արժանացավ դրամական պարգևի
SocietyՕպերային երգչուհի, լիրիկ սոպրանո Լեոնորան վերջին ամիսների ընթացքում տարբեր միջազգային մրցույթերում լավագույն արդյունքներ գրանցելու համար Գյումրու ավագանու որոշմամբ արժանացավ դրամական պարգևի:
Գյումրու ավագանին, նոյեմբերի 5-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ, միաձայն որոշեց դրամական պարգև հատկացնել երգչուհի Լեոնորային՝ Արեւիկ Թանաշեանին: Վերջին 4 ամիսների ընթացքում միջազգային 3 տարբեր մրցույթներում օպերային արվեստը ներկայացնող երգչուհին հայրենի քաղաք է վերադարձել «Գրան պրի» մրցանակներով:
Վերջին հաղթանակը հոկտեմբերի 18-ին Վարշավայում կայացած ամենամյա «Wiktoria 2015» միջազգային մրցույթում էր, իսկ դրանից օրեր առաջ Սոֆիայից /SOFIA GRAND PRIX-2015/ միջազգային մրցույթում, սեպտեմբերին էլ՝ Երևանում «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի կողմից անցկացված միջազգային մրցույթի բացարձակ մրցանակին էր ար-անացել: Ի դեպ, Լեոնորային տարբեր միջազգային մրցույթներում ներկայացնում է հենց այս ասոցիացիան:
«Շատ շնորհակալ եմ այս գնահատականի համար: Եւս մեկ անգամ օտար ափերում մենք ցույց տվեցինք մեր մշակույթի, մեր ազգի մեծությունը՝ թե որքան է հայը հարուստ արվեստով ու երգով: Կրկնակի հպարտ եմ, որ գյումրեցի եմ և այս միջազգային մրցույթներում ոչ միայն Հայաստանի այլ նաև Գյումրիի` մշակութային քաղաքի անունն եմ բարձր պահում»,-նշեց երգչուհին:
Երգչուհու ամուսինը, պրոդյուսեր Վիգեն Թանաշեանը նշեց, որ ճիշտ է դժվար է երգչուհու համար 4 ամիսների ընթացքում տարբեր մրցույթների մասնակցել, բայց դեռ տարին ավարտված չեն համարում: «Լեոնորան այս պահին հրավերք ունի մասնակցելու ՌԴ Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 27- դեկտեմբերի 5-ը կայանալիք օպերային երգիչների VII միջազգային մրցույթին: Հրավերքը կա, բայց, ցավոք, այս անգամ, ֆինանսական խնդիրների պատճառով, դեռ չենք հաստատել երգչուհու մասնակցությունը»,-նշեց Վիգեն Թանաշեանը՝ հույս հայտնելով, որ ֆինանսական միջոցների առկայության դեպքում երգչուհին կմասնակցի այս հեղինակավոր մրցույթին ևս:
Լեոնորան ծնվել է Գյումրիում, բուհական եւ հետբուհական կրթությունը ստացել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում: Ունեցել է մենահամարգներ, Գյումրիում երգչուհուն հիշում են «Անուշ» օպերայի բեմադրման 100 ամյակին նվիրված՝ գլխավոր հերոսուհու դերերգով: