Տուլայում ավտոբուսի վթարից տուժածներից երկուսի կյանքին վտանգ է սպառնում. նախարար
SocietyՏուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժած հիվանդներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Նրանց կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:«Նրանց կյանքին վտանգ սպառնում է: Ծայրահեղ ծանր հիվանդների մոտ այդ վտանգը մշտապես կա»,- ընդգծեց Մուրադյանը՝ հիշեցնելով, որ նրանք բուժում են ստանում Տուլայի հիվանդանոցում:
Հարցին, հնարավո՞ր է նրանք այլ հիվանդանոց տեղափոխվեն, նախարարը պատասխանեց. «Մեկ հիվանդ արդեն ուղղաթիռով տեղափոխվել է այլ հիվանդանոց, իսկ ծայրահեղ ծանր հիվանդների մասով կարող եմ ասել, որ տեղափոխումը շատ մեծ ռիսկերի հետ է կապված: Այդ պատճառով բժիշկները բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ժամանել էին հենց Տուլայի հիվանդանոց, որպեսզի տեղում կազմակերպեն բուժումը՝ հաշվի առնելով, որ ոսկրային համակարգի շատ լուրջ խնդիրներ կային: Մեկ հիվանդի մոտ 4 տեղից կոնքի ոսկորներն են կոտրված, ձախից և աջից համապատասխանաբար 9 և 12 կողերն են կոտրված, անրակներն են կոտրված: Եվ երեկ երեկոյան որոշում կայացվեց, որ այդ հիվանդները կմնան Տուլայում և հենց տեղում կստանան բուժում: Իրականում նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն բժիշկները շարունակում են պայքարել: Պետք է հույսով լինենք»,- ընդգծեց նախարարը:
Նա նկատեց, որ ռուս բժիշկները մինչ իրենց ժամանելը ոչ պակաս մարդասիրությամբ և գթասրտությամբ կազմակերպել են հիվանդների բուժման գործընթացը, իսկ ամբողջ այդ գործընթացը հսկվել է ՌԴ առողջապահության նախարարի կողմից: «Ես ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ինչպես առողջապահական մարմիններին, այնպես էլ իշխանություններին, որոնք կարողացել էին ամեն ինչ կազմակերպել ամենաբարձր մակարդակով: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև հայ համայնքին, որը իր օժանդակությամբ և հոգատարությամբ կարողացել է լրացնել առաջ եկած բացերը առաջին ժամերի ն»,- հավելեց Արմեն Մուրադյանը:
ՌԴ-ում վթարից տուժած հիվանդների բուժման ողջ ծախսերը հոգում է ՌԴ առողջապահության նախարարությունը, իսկ Հայաստանում՝ ՀՀ առողջապահության նախարարությունը: