Անհրաժեշտ է փոխել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների առողջության նկատմամբ մոտեցումը
SocietyԱյս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը:
«Որպեսզի տաքսիների, ավտոբուսների և երթուղային տաքսիների վարորդները իրավունք ունենան յուրաքանչյուր օր նստելու ղեկին, պետք է իրականացվի ամենօրյա բժշկական փորձաքննություն: Խորհրդային տարիներին նույն տաքսիների վարորդները ղեկին նստելու իրավունք չունեին, մինչև առավոտյան չանցնեին բուժզննում», - նշեց Էդուարդ Հովհաննիսյանը, հավելելով, որ գաղտնիք չէ, որ վարորդների աշխատանքային ժամերը գերազանցում են սահմանված նորմերը և շատերն աշխատում են առանց աշխատանքային պայմանագրի:
Խոսելով ընդհանուր առմամբ վարորդների առողջական վիճակի մասին` «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը նշեց, որ ընդհանուր առմամբ վարորդների բուժզննումը կատարվում է միայն վարորդական իրավունք ստանալիս, իսկ հետագայում հաշվի են առնվում միայն տեսողական, կամ վերջույթների հետ առաջացած խնդիրները: Նրա կարծիքով անվտանգության նկատառումներով մեքենայի ղեկին նստելու թույլատվության հանձնման և տասը տարի անց դրա վաղեմության ժամկետը երկարաձգելու միջակայքում նույնպես անհրաժեշտ է հետևել վարորդի ընդհանուր առողջական վիճակին: