2016-ին բոլորս պետք է գոտիները ձգենք և աշխատենք նախատեսվածի շրջանակում. Սուքիաս Ավետիսյան
Interviewtert.am-ը գրում է.
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը, թեև ոչ նույնչափ հոռետեսական, ինչպես սոցապնախարար Արտեմ Սարգսյանն է որակել գալիք տարվա սոցիալական վիճակը, բայց համաձայնում է, որ գոտիները ձգելու ժամանակն է:
«Եթե մենք վերլուծում ենք 2015թ-ի անցած արդեն 10 ամիսները, ապա արդեն ներկայացված բյուջեն, տեսնում ենք, որ կոնկրետ սոցիալական խնդիրների լուծման հարցում մենք չեն կարող լրացուցիչ գումարներ գտնել, այսինքն՝ աշխատավարձ, թոշակ, նպաստ բարձրացնել, ապա պետք է հասկանանք, որ այսպես տերմին կա՝ գոտիները ձգած պետք է բոլորս լինենք և պետք է աշխատենք այն, ինչ կա նախատեսված՝ դրա շրջանակում առավել արդյունավետ աշխատել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե բնական է, որ կյանքը ավելի դժվարանալու է հաջորդ տարում:
Սուքիաս Ավետիսյանի խոսքով՝ ինչքան էլ խոսենք տնտեսական աճի մասին, երբևիցե չպետք է մոռանալ, որ տնտեսական աճին զուգահեռ գնում է նաև գնաճը: «Գնաճն իրոք հնարավորություն չի տալիս, որ մարդը ռեալ իր վրա զգա տնտեսական աճը, դրա համար ասում եմ, պետք է հնարավորինս ամեն ինչ անենք, որ եկող տարվա բյուջեում նախատեսված գումարները հասցեական և արդյունավետ ծախսեն»,-ասաց նա:
Հարցին, թե բյուջեով նախատեսվում է 2016 թվականին ապահովել 2,2% տնտեսական աճ, բայց միաժամանակ նշվում է, որ բյուջեի մուտքերը կլինեն ավելի պակաս, այդ դեպքում ինչպես են աճ ապահովելու՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, թե դա ցույց է տալիս, որ բիզնեսը չի աշխուժանալու:
«Եթե նայում ենք այս տարվա աճը, ապա դա էլ պայմանավորված է հիմնականում գյուղատնտեսության հետ, մթերքների արտադրություններով և Թեղուտի հանքի շահագործումով: Այսինքն, եթե սրանք չլինեին, մենք աճ չէինք գրանցի: Նույնն էլ մյուս տարի կլինի, այսինքն՝ չի նախատեսվում, որ մեր արտադրությունները կընդլայնվեն կամ արտադրության ավելի շատ քանակ կունենանք, բայց կարծում եմ, որ հաջորդ տարի միգուցե ունենանք շինարարության բնագավառում աշխուժացում և տա Աստված, դա էլ ավելի շատ բնության գործն է, որ հնարավորություն ունենանք գյուղմթերքների արտադրության բնագավառում էլի արձանագրենք գոնե այս տարվա նման արդյունքներ»,-ասաց նա: