Ինչպես է լուծվելու Հյուսիս-հարավ ճանապարհի նեղ անցանելի հատվածի խնդիրը ձմռան ամիսներին
SocietyԱյսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ 2016թ. պետական բյուջեով տրանսպորտի եւ կապի նախարարության ծախսային հատվածը կազմելու է 36,8 միլիարդ դրամ: Ինչպես նշեց նախարարը, իրենք իրականացնելու են 22 ծրագիր, որից 10-ը վարկային է: «Կատարվելու են աշխատանքներ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքների, ամառային պահպանության աշխատանքների, պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման, կամուրջների բարելավմանը միտված: Իսկ կոնկրետ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու ծրագրի իրականացման համար կներդրվի 7 ծրագիր, այդ թվում՝ 1 վարկային միջոց, որն ամբողջությամբ կկազմի 14.7 միլիարդ դրամ»,- հայտնեց նա:
Քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու Հյուսիս-հարավ մայրուղու նեղ անցանելիություն ունեցող հատվածի հարցը: «Արդյոք այդ նեղ հատվածը մաքրվելո՞ւ է ձմռան ամիսներին, որպեսզի խցանումների պատճառ չդառնա»,- հետաքրքրվեց պատգամավորը: Հարցին ի պատասխան՝ Գ. Բեգլարյանը նշեց, որ ինչպես եւ անցյալ տարի, այս տարի եւս նախարարությունը հսկողության տակ է վերցնելու ճանապարհի մաքրման աշխատանքը՝ մինչեւ շինարարական աշխատանքների ավարտը:
Սոսե Չանդոյան