Ռուսական ձեռնարկությունները Հայաստանում արտադրություն սկսելու առաջարկներ են ներկայացրել
EconomicsՀայաստանն արդեն ռուսական մի շարք ձեռնարկություններից Հայաստանում արտադրություն սկսելու առաջարկներ ունի:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
Փոխնախարարը դա կապում է այն հանգամանքի հետ, որ Հայաստանն օգտվում է ԵՄ-ի հետ առևտրի GSP+ համակարգից, որը հնարավորություն է տալիս ապրանքները ԵՄ արտահանել արտոնյալ պայմաններով: «GSP+ համակարգից Հայաստանի օգտվելու հանգամանքն ավելի արդիական է դարձել Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից հետո: Մենք արդեն մի շարք ռուսական ձեռնարկություններից Հայաստանում արտադրանք սկսելու առաջարկներ ունենք: Նրանք առաջարկում են սկսել ռելեների, տրա նսֆորմատորների և նմանատիպ սարքավորումների արտադրություն»,- նշեց Տարասյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ էկոմոնիկայի նախարարությունում գրեթե ամեն օր հանդիպումներ են լինում տարբեր ներդրողների հետ, որոնք տեղեկանում են Հայաստանի ներդրումային առավելությունների մասին:
Էմիլ Տարասյանը նաև նկատեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության սկզբնական շրջանում արտահանման ծավալների նվազում է եղել՝ կապված ընթացակարգերի հստակցման հետ: «Բայց ասեմ, որ մեր արտահանման դինամիկան վերականգնվում է, և երրորդ-չորրորդ եռամսյակներում մենք արտահանման ծավալների կոնկրետ աճ ունենք»,- ասաց Տարասյանը: