Բնությունը` ոգեշնչման աղբյուր. Յուրի Եղիազարյանը ներկայացրեց իր նկարները
CultureՀայաստանի նկարիչների միության անդամ Յուրի Եղիազարյանն իր վեց տասնյակից ավելի գեղանկարները ներկայացրեց անհատական ցուցահանդեսով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խաչմերուկ» խորագիրը կրող ցուցահանդեսը բացվեց նոյեմբերի 9-ին Նկարիչների միությունում:
Յուրի Եղիազարյանն խոստովանեց, որ բնությունն իր ոգեշնչման աղբյուրն է:
«Ուզում էի ցեղասպանությանը նվիրված ոչ թե ողբերգական, այլ ուրախ գործեր ներկայացնել: Մենք 100 տարվա ընթացքում շատ բաների ենք հասել, կարողանում ենք գոյատևել, աշխարհին ցույց տալ, որ մենք կանք: Պետք է աշխարհին ասել, որ մենք հզոր ենք, ուժեղ, դեռ ստեղծագործելու ենք»,-նշեց նա` հավելելով, որ ցուցահանդեսին ներկայացրել է 69 նկար:
«1983-2015-ն ընկած ժամանակաշրջանի գործեր են: Մի գործ ունեմ, կոչվում է «Խաչմերուկ». ցուցահանդեսի խորագիրն այդ գործի անունն է կրում: Մեր ամբողջ կյանքն է խաչմերուկ»,-վստահ է նկարիչը:
Յուրի Եղիազարյանը տեղեկացրեց, որ ինքն իրեն նվեր է արել 50-ամյակի առիթով, և որոշել է անհատական ցուցահանդեսով հանդես գալ:
Գույների բազմազանություն է առկա հատկապես նկարչի «Զարթոնք» գեղանկարում, որը, Յուրի Եղիազարյանի հավաստմամբ, ստեղծվել է 2015 թվականին` ընդամենը երկու օրում:
«Նկարում Կենդանաբանական այգուն հարակից տներն են: Մարդիկ կարող են անցնել, չնկատել, բայց հրաշք է: Առաջին նկարն է, որի միջոցով հասկացա, թե ինչ է հայկական մանրանկարչությունը»,-նշեց նա:
Քանդակագործ Լևոն Գրիգորյանի խոսքով` Յուրի Եղիազարյանը յուրօրինակ ոճ ունի:
«Բազմաժանր նկարիչ է, ունի մեծ պոտենցյալ: Նա ապրում է նկարներով: Երբ նայում ես նրա նկարներին, յուրաքանչյուրը յուրովի ես ընկալում: Տեսնում ես ներաշխարհը: Նկարիչը շատ լուրջ է վերաբերում իր աշխատանքներին»,-մեզ հետ զրույցում նշեց քանդակագործը:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը: