Դեսպան Արմեն Սարգսյանը Չինաստանում ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի զարգացման ուղղությունները
SocietyՉինաստանի Չենդու քաղաքում նոյեմբերի 7-8-ը տեղի է ունեցել «Ասիայի կրթական ֆորում» կազմակերպության ամենամյա համաժողովը, որին մասնակցել է Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակիցների թվում են եղել աշխարհի տարբեր երկրների կրթական հաստատությունների ղեկավարներ, անվանի գիտնականներ, այդ թվում՝ նոբելյան մրցանակի դափնեկիրներ, Պեկինում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև Սիչուան նահանգի և Չենդու քաղաքի ղեկավարությունը:
Դեսպան Սարգսյանը, ով Համաժողովի հիմնական զեկուցողներից էր, ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի զարգացման ուղղությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության և գիտության զարգացման գործում: Դեսպանն անդրադարձել է Հայաստանում Microsoft և Synopsys ընկերությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը։
Համաժողովի շրջանակներում դեսպան Սարգսյանն առանձին հանդիպում է ունեցել Ասիայի կրթական ֆորումի գլխավոր քարտուղար Վան Յաոյի հետ, որի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտում համագործակցության հեռանկարները։ Համաձայնություն է ձեռք բերվել ուսումնասիրել ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման, ինչպես նաև դասախոսական և գիտական շրջանակների ներկայացուցիչների փոխադարձ այցերի իրականացման հնարավորությունները։