«Ժողովուրդ». Խիստ նկատողություն. կուսակցություններում «ազատ մթնոլորտ» է տիրում
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը խիստ նկատողություն է ստացել կուսակցության կողմից: Պատճառն այն է, որ նա «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Քոչարյանն իր թիմով իր անելիքն արել, հեռացել է», իսկ «Լեւոն Տեր-Պետրոսյանը քանդեց էս երկիրը»: Պատգամավորի այս ձեւակերպումները ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը որակել է իբրեւ «ոչ հավասարակշիռ»: Գրում է «Ժողովորդ»-ը:
Անկեղծ ասած' կոնկրետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը տրված այս «ոչ հավասարակշիռ» գնահատականն ընդամենը մի քանի տարի առաջ կհամարվեր առավելագույնս հավասարակշիռ' ի համեմատ այն գնահատականների, որոնք ԲՀԿ-ի անդամների կողմից տրվում էին առաջին նախագահի եւ նրա թիմի գործունեությանը: Բայց այստեղ դա չէ էականը, ի վերջո' Տեր-Պետրոսյանն էլ էր ժամանակին ԲՀԿ առաջնորդին դիմում հայտնի ձեւակերպումներով, իսկ այսօր արդեն անձամբ է այցելում նրա գրասենյակ' կոնսուլտացիաների: Այստեղ էականն այն է, որ կուսակցության անդամին, Աժ պատգամավորին կարող են նկատողություն, այն էլ' խիստ, տալ իր կարծիքն արտահայտելու համար: Եվ սա այն դեպքում, երբ դրանից ընդամենը մեկ օր առաջ այդ կուսակցության ղեկավարը հավաստիացնում էր.«Մեր կուսակցության մեջ տիրում է խնդիրները քննարկելու ազատ մթնոլորտ»:
Նման «ազատ մթնոլորտ» այսօր տիրում է ոչ միայն ԲՀԿ-ում, այլեւ մնացած գրեթե բոլոր կուսակցություններում, եւ առաջին հերթին' ՀՀԿ-ում, որի ղեկավարի արտահայտած ցանկացած միտք ընդունվում է որպես վերին ճշմարտություն, անկախ այն բանից, որ նա ժամանակին ասել էր, թե իրենց կուսակցությունը ոհմակ չէ: Եվ եթե Վահագն Մախսուդյանի դեպքում նկատողությունը տրվել է երբեմնի հակառակորդի, իսկ ներկայում դաշնակցի' առաջին նախագահի հասցեին բացասական կարծիք հայտնելու համար, ապա ժամանակին Վարդան Այվազյանին խիստ նկատողություն տրվեց նախկին գործընկերոջ, սակայն ներկայիս մրցակցի' ԲՀԿ-ի առաջնորդի հասցեին դրական կարծիք հնչեցնելու համար: Սա, կարծում ենք, կարեւոր եւ բնութագրիչ նյուանս է:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: