Արմեն Աշոտյանը շախմատի դպրոցական 10-րդ օլիմպիադայի անցկացումը նվաճում է համարում
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել շախմատի դպրոցական օլիմպիադիայի 10-րդ առաջնության երկրորդ փուլի մեկնարկին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարը մաղթել է հաջողություն, գեղեցիկ ինտելեկտ ուալ խաղ և շեշտել, որ շախմատի օլիմպիական շարժումը Հայաստանի շախմատային հաջողությունների հիմնական գրավականներից է:
«Մեր երկիրն աչքի է ընկնում բազմաթիվ յուրահատկություններով, մենք հպարտանում ենք մեր մշակույթով, մեր պատմությամբ, գիտությամբ: Առիթ ունենք հպարտանալու նաև մեր կրթական համակարգով, որտեղ 5 տարի առաջ աշխարհում առաջինը շախմատը ներդրվեց, որպես պարտադիր հանրակրթական առարկա ՀՀ բոլոր դպրոցներում: Մեր երեխաների արձանագրած հաջողություններն ու միջազգային հանրության համակ ուշադրությունը շախմատի դասավանդման նկատմամբ՝ ամենակարևոր պատասխանն է ծրագրին հոռետեսությամբ վերաբերվողներին: Շախմատի օլիմպիադան այսօր ամենազանգվածային դպրոցական օլիմպիադաներից մեկն է, եթե նախկինում այն դիտվում էր որպես մարզական, ապա այսօր արդեն կրթական առարկայական օլիմպիադա է»,- իր խոսքում նշել է նախարարը՝ հավելելով, որ հոբելյանական 10-րդ օլիմպիադայի անցկացումն արդեն իսկ նվաճում է:
Նախարարը շախմատի դասավանդման հաջողության հարցում առանձնակի կարևորել է ՀՀ ԿԳՆ-ի ու Շախմատի ակադեմիայի սերտ համագործակցությունը: Օլիմպիադայի բացումից հետո նախարարը նաև զրուցել է շախմատի օլիմպիադայի մասնակից դպրոցականների ծնողների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են շախմատի ներդրմանը դպրոցական ծրագրերում: Արմեն Աշոտյանի խոսքով՝ շախմատը թույլ է տալիս ձևավորել անհատակնություն, ռազմավարական մտածելակերպ, տրամաբանություն, ստեղծարարություն:
«Այլ առարկաների ուսուցիչների վկայությամբ ՝այն երեխաները, ովքեր դպրոցում անցել են շախմատ, ավելի դյուրին են ընկալում նաև մաթեմատիկայի դասերը, ավելի պատրաստված են մայրենի լեզվի դասերին»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ շախմատի օլիմպիադայի երևանյան փուլի մասնակիցներից լավագույներին կհանդիպի եզրափակիչ փուլում:
Օլիմպիադայի մասնակիցներին ողջունել և հաջողություն է մաղթել նաև գրոյսմաստեր, համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, ով ևս առանձնակի ընդգծել է, որ ակադեմիան աշխարհի տարբեր երկրներից շախմատի դասավանդման փորձի փոխանակման բազմաթիվ առաջարկներ է ստանում: