Լեհաստանի Կլեբարկ քաղաքում կայացել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
CultureԼեհաստանի Կլեբարկ քաղաքի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հովանու ներքո գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Սուրբ Պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, պատարագին ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Վարմինսկո-Մազուրսկե վոևոդության մարշալեկ Գուստավ Մարեկ Բրժեժին, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության փոխնախարար Պիոտր Ժուխովսկին, Լեհաստանի սենատի անդամ, Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, Լեհաստանի Սեյմի պատգամավորներ, Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի ասպետներ, տեղական և մարզային իշխանությունների, Լեհաստանի ՎարշավÕ ¡, Էլբլոնգ, Լոդձ, Վորցլավ, Պոզնան և այլ քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ Պատարագը մատուցվել է Արքեպիսկոպոս Էդմունդ Պիշչի ձեռամբ, որի ընթացքում հոգևոր առաջնորդը Հայոց ցեղասպանությանը վերաբերող ծավալուն ելույթով է հանդես եկել:
Արարողությունից հետո ելույթով է հանդես եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով շնորհակալություն է հայտնել արարողության բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին իրենց աղոթքների և համամարդկային 100-ամյա ողբերգության հանդեպ իրենց հարգանքի և մարդկային վերաբերմունքի համար: Դեսպանը ծաղիկներ է զետեղել Կլեբարկի եկեղեցու առջև տեղադրված հայկական խաչքարի, ինչպես նաև Հռոմի Սուրբ Հովհաննես Երկրորդ Պապի արձանի առջև:
Նույն օրը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը և հայկական մշակութային ժառանգության թեմայով գիտական քննարկում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը և Մալթայի ասպետների ասոցիացիայի ռեկտոր Հայր Հենրի Բուաշչեկը:
Օրվա խորհրդով, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Մալթայի ասպետների ասոցիացիայի կողմից թողարկվել է հատուկ նամականիշ և փոստային բացիկ, որը բաժանվել է արարողության բոլոր մասնակիցներին: