Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի շնորհանդես է տեղի ունեցել Եգիպտոսում
CultureՆոյեմբերի 8-ին Կահիրեի Միսր էլ–Գեդիդայի գրադարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն լեզվով փաստա–վավերագրական ֆիլմի պրեմիերան։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, մեկ ժամ 10 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է «Մայաթի փրոդաքշըն» ստուդիայի կողմից։ Հեղինակներն են` եգիպտացի անվանի կինոգործիչներ Մարիամ Զաքին և Մոհամեդ Հանաֆին։ 10 ամիս տևած նկարահանումները կատարվել են երեք երկրներում` Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում։ Ֆիլմում լայնորեն օգտագործվել են հարցազրույցներ, արխիվային փաստաթղթեր, տեսաժապավեններ և լուս անկարներ, ականատեսների և վերապրածների վկայություններ։
Ֆիլմի հեղինակների գլխավոր նպատակն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությունը, մարդկության նկատմամբ այդ ոճրագործության մասին իրականությունը արաբախոս հանդիսատեսին լիարժեք կերպով ներկայացնելն է։
Ֆիլմի նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Եգիպտոսի տարածաշրջանային հանձնաժողովի, Կահիրեի Հայոց առաջնորդարանի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Պրեմիերային ներկա էին Կահիրեի Հայոց Թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Ալեքսանդրիայի Հայ կաթողիկե թեմի առաջնորդ Ավգուստինոս եպիսկոպոս Քուսան, Եգիպտոսում ՀՀ դեսպան Աշոտ Մելքոնյանը, եգիպտական հանրության և եգիպտահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։