Հանդիսավորությամբ նշվել է «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-րդ տարեդարձը
SocietyՆոյեմբերի 10-ին հանդիսավոր պայմաններում նշվել է մեր երկրի առաջին մարզական կառույցներից մեկի՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-րդ տարեդարձը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, «Դինամո»-ի հիմնանորոգված համալիրում տեղի ունեցած հոբելյանական հանդիսությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Համառուսական «Դինամո» մարզական կազմակերպության նախագահի տեղակալ Վլադիմիր Տիմոշինը, պաշտոնատար այլ անձինք, դինամոյական մարզիչներ ու մարզիկներ, հյուրեր:
Հանդիսությունը բացվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով և ոստիկանության քայլերգով:
Մասնակիցներին ներկայացվել է 1925 թվականին հիմնադրված մարզական կազմակերպության կայացման, անցած ուղու, ձեռքբերումների, երախտավորների, ոստիկան-դինամոյականների մասին պատմող տեսաֆիլմ:
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-ամյակի կապակցությամբ:
Հոբելյանի առթիվ դինամոյականներին շնորհավորել է նաև Հայաստանի Հանրապետության ոսստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
«Դինամոյի» հոբելյանական տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի ջերմ խոսք է հղել Համառուսական «Դինամո» մարզական կազմակերպության նախագահի տեղակալ, դինամոյական կազմակերպությունների միջազգային համակարգող խորհրդի նախագահ Վլադիմիր Տիմոշինը:
Հոբելյանի առթիվ, Վլադիմիր Գասպարյանի, Վլադիմիր Տիմոշինի և «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խորհրդի կողմից, դինամոյական շարժման մի խումբ երախտավորներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ արժանացել են պարգևների:
Հոբելյանական հանդիսության պաշտոնական արարողությունից հետո ցուցադրական ելույթներով հանդես են եկել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ինչին հաջորդել է համերգ, որին մասնակցել են հանրահայտ երգիչներ, ոստիկանության պարային համույթի ու կրթահամալիրի ներկայացուցիչներ, մարզիկներ:
Տոնական օրն ամփոփվել է ոստիկանության զորքերի պատվո պահակախմբի ելույթով: